Թե հոսպիտալացման, թե COVID-19-ից մահվան դեպքերի մոտ 90 տոկոսը կապված է օմիկրոնի հետ. նախարար
Ըստ Հայաստանում կատարվող ընտրանքային հետազոտությունների, COVID-19-ի դեպքերի մոտ 90 տոկոսը պայմանավորված է օմիկրոն շտամով: Ավելին, հենց այս շտամի հետ են կապված թե հոսպիտալացման, եւ թե COVID-19-ից մահվան դեպքերի մոտ 90 տոկոսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, օմիկրոնին պետք չէ թեթեւամտաբար վերաբերվել, քանի որ շատերի մոտ այն ծանր է ընթանում, մանավանդ՝ չպատվաստվածների մոտ: Հոսպիտալացված պացիենտների մոտ 88 տոկոսը, նախարարի խոսքով, պատվաստված չի:
Ավանեսյանը նաեւ նշեց, որ վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունը Հայաստանում նվազում է, սակայն օրական նոր դեպքերի թիվը դեռ գերազանցում է 1700-ը, եւ հիվանդանոցները շարունակում են ինտենսիվ կերպով աշխատել: