«Երբ իմացա, երջանկությունից լաց էի լինում». Լենա Ղազարյանը՝ հղիության, դստեր անվան ընտրության, ամուսնու արձագանքի ու «չստացված» անակնկալի մասին

0

Ամերիկաբնակ երգչուհի Լենա Ղազարյանն օրեր առաջ ինստագրամյան իր էջի հետեւողների հետ կիսվեց ուրախալի լուրով՝ հայտնելով, որ պատրաստվում է մայրանալ: Լենան եւ ամուսինը՝ Նշանը, դուստր են ունենալու, ինչը պարզել են Gender Reveal (Երեխայի սեռի բացահայտում)` հատուկ միջոցառման ընթացքում: Լենան միջոցառման չհրապարակված լուսանկարներից մի քանիսը տրամադրել է NEWS.am STYLE-ին ու առաջին անգամ խոսել թեմայի շուրջ. նա պատմել է մայրանալու բերկրանքի, հրաշալի զգացողությունների ու առաջնեկի անվան ընտրության մասին:

Այն, որ պատրաստվում է մայրանալ, երգչուհին իմացել էր դեռեւս նոյեմբերին. էմոցիաներն այնքան բուռն են եղել, որ չի կարողացել իրականացնել այն անակնկալը, որով նախապես ծրագրել էր ամուսնուն հայտնել ուրախալի լուրը.

«Դա ինձ համար բացառիկ լուր էր, մայրանալը կյանքում ամենահրաշալի բանն եմ համարում ու շատ երջանիկ եմ, որ այս զգացողություններն եմ ապրում այս պահին: Երբ իմացա, որ մայր եմ դառնալու, ուղղակի երջանկությունից լաց էի լինում, զգացումներս խառնվել էին իրար, չափազանց ուրախությունից կորցրել էի մտքերս: Երբեք չեմ պատկերացրել, թե ինչ է զգում մայրանալ պատրաստվող կինը, հիմա գիտեմ` դա մի ուրիշ աշխարհ է, ու ես անկեղծ սրտով ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կին զգա այդ բերկրանքը, որովհետեւ եթե մեզ Աստված տվել է այդ կարողությունը, ուրեմն` թող յուրաքանչյուրը դա ապրի»,-ասաց նա՝ հավելելով, որ երբ կայացրել է ամուսնանալու որոշումը, իհարկե, սպասել է, որ հաջորդ քայլը լինելու է ընտանիքի համալրումը, սակայն նրա խոսքով՝ միեւնույն է՝ իր կարգավիճակին այժմ դժվարությամբ է հավատում: Անդրադառնալով իր՝ չստացված անակնկալին՝ երգչուհին նշեց.

«Ցնծության մեջ որոշել էի անակնկալ մատուցել ամուսնուս, բայց քանի որ ես բնույթով շատ անհամբեր եմ, չդիմացա ու միանգամից նրան հայտնեցի լուրը (ծիծաղումէ): Անկեղծ ասած` մինչեւ հիմա երկուսս էլ շոկի մեջ ենք, չենք հավատում, որ նման հրաշք է մեզ հետ տեղի ունենում: Սա մեր կյանքի ամենալավ լուրն է: Հիշում եմ` հղիությանս մասին իմանալու հաջորդ առավոտյան սկեսուրս մեզ մոտ եկավ փուչիկներով ու տոնական տրամադրությամբ, ու այդ պահին հասկացանք, որ ինչ-որ հրաշալի բան է մեզ հետ կատարվում. Աստծուց անչափ շնորհակալ ենք այս պարգեւի համար»:

Լենան պատմեց, որ մինչ երեխայի սեռը բացահայտելը՝ շատերը կանխատեսում էին, թե իրենք պետք է որդի ունենան.

«Չգիտեմ` ինչու էին այդպես պատկերացնում, բայց այնքան էին ասել, որ տղա ենք ունենալու, որ մենք էլ այդպես էինք արդեն տրամադրվել, սակայն երբ միջոցառմանը տեսանք վարդագույն ժապավենը եւ մեքենան, հասկացանք, որ հրաշք թագուհի ենք ունենալու: Ես եւ ամուսինս շատ ուրախ ենք, որ աղջիկ է ծնվելու, Աստված առաջ` տղա էլ դեռ կհասցնենք ունենալ»:

Երգչուհին եւ ամուսինը երկար չեն մտածել երեխայի անվան ընտրության շուրջ, եւ արդեն կայացրել են իրենց միաձայն որոշումը.

«Արդեն անունը որոշել ենք, նրան անվանակոչելու ենք իմ սիրելի սկեսրոջ պատվին` Նելլի»,-ասաց նա:

Երգչուհու դուստրը լույս աշխարհ է գալու ամռան վերջին, իսկ մինչ այդ Լենան արդեն պատկերացնում է՝ ինչպիսի մայր է լինելու դստեր համար.

«Ես ինձ խիստ մայր եմ պատկերացնում, բայց միեւնույն ժամանակ` բարի, քանի որ չեմ կարող շատ զայրանալ նրա վրա: Շատ եմ ցանկանում, որ նա ինձ համար լինի թե´ աղջիկ, թե´ ընկերուհի, թե´… ամեն ինչ: Պատկերացնում եմ, որ նրա հետ պետք է մի ամբողջ կյանք անցնեմ, ամբողջ հոգով նվիրվեմ նրան: Աշխատելու եմ լինել հնարավորինս իդեալական մայր նրա համար»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան

Leave A Reply

Your email address will not be published.