«Ուզում եմ Հայաստանի անունը բարձր պահել մեծ բեմերում». Մալենայի ժամանումը ու երկրպագուների էմոցիաները «Զվարթնոց» օդանավակայանում
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան արդեն Հայաստանում է: «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի պատվիրակին «Քամի, քամի» երգի հնչյունների ներքո դիմավորեցին բացառիկ ջերմությամբ: Երգչուհին խոստովանեց, որ մինչ օրս չի հավատում իր երազանքի իրականացմանն ու այն փաստին, որ օդանավակայանում հավաքված բազմաթիվ հայրենակիցները, չնայած ուշ ժամին, եկել էին իրեն դիմավորելու:
Լրագրողների հետ զրույցում 14-ամյա երգչուհին հավելեց, որ ելնելով համացանցում տիրող արձագանքներից՝ հաղթանակին հավատում էր, բայց չժխտեց, որ սկզբում հուզմունքը մեծ է եղել.
«Երբեք չէի եղել նման մեծ բեմում. Սկզբում շատ էի լարվում, բայց մի քանի անգամ փորձերի գնալուց հետո այդ հուզմունքն անցավ, ու համերգի օրն արդեն հաճույք էի ստանում այդ ելույթից»:
Հարցին՝ ում է նվիրում իր հաղթանակը, Մալենան վսահ պատասխանեց.
«Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին եւ բոլոր հայերին. Ես բոլորիդ շատ սիրում եմ ու անչափ շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար»:
Իր հաղթանակը երգչուհին հենց եվրատեսիլյան բեմից նվիրեց նաեւ իր պրոդյուսեր Դավիթ Բադալյանին՝ այդպիսով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը.
«Ծննդյանս ամենալավ նվերն էր, որ կարող էի ստանալ: Հաղթական տրամադրվածությամբ էինք գնացել մրցույթին, բայց երբ տեսանք մյուս ուժեղ մասնակիցներին, մի քիչ կասկածներ առաջացան, կարելի է ասել՝ հաղթանակը որքան սպասելի էր, նույնքան էլ՝ անսպասելի»,-անդրադառնալով Մալենայի անակնկալին՝ ասաց Դավիթը:
Մալենայի հաղթանակից հետո շատերը ցանկություն հայտնեցին տարիներ անց նրան տեսնել նաեւ մեծերի «Եվրատեսիլ»-ում: Երգչուհին չի ժխտում, որ նման բան հնարավոր է, բայց այժմ կենտրոնացած է իր մյուս երազանքների վրա.
«Ուզում եմ դառնալ մեծ արտիստ ու Հայաստանի անունը բարձր պահել տարբեր բեմերում»:
Մալենայից պակաս հուզված ու ոգեւորված չէին նաեւ «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարներ Անուշիկ Տեր-Ղուկասյանն ու Դավիթ Ծերունյանը:
«Շատ երկար ենք այս հաղթանակին ձգտել, ու սա մեր թիմային աշխատանքի արդյունքն է: Իհարկե, այս ամենում մեծ դեր ունեցավ նաեւ Դավիթը Բադալյան, որովհետեւ եթե չլիներ այս երգը, չէր լինի մեր հաղթանակը»,-նշեց Դավիթը, Անուշիկն էլ հավելեց.
«Անբացատրելի զգացողություններ էին. ինքնաթիռում խոսում էինք Դավիթի հետ այն մասին, որ երեւի միայն մենք ու կանաչ սենյակում գտնվող մարդիկ կհասկանան, թե ինչ է նշանակում, երբ տխուր ես վերադառնում այնտեղից, ու նույնիսկ այս պահին հուզված ենք ու հպարտ, որ հայերին պարգեւեցինք նման ուրախություն»:
Հայաստանի պատվիրակության ղեկավարները վստահությամբ փաստեցին՝ մեր երկիրը պատրաստ է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը:
«Միանշանակ, պատրաստ ենք. մոտ տասը տարի առաջ ենք հյուընկալել մրցույթը, եւ մինչ եզրափակիչը, շատ պատվիրակություններ մոտենում էին մեզ ու ասում, որ վստահ են, որ մենք ենք հաղթելու ու անհամբեր սպասում են, թե երբ են վերադառնալու Հայաստան, որովհետեւ մինչ օրս հիշում են հայկական հյուրասիրությունը»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի