ՀՖՖ նախագահը՝ «Գանձասար-Կապան», «Լոռի» եւ «Սեւան» ակումբների մասին

0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է նաեւ տարվա ընթացքում Հայաստանի առաջնությունից դուրս եկած «Գանձասար-Կապանին», «Լոռիին» եւ «Սեւանին»։

«Ակումբային ֆուտբոլում կան մեծ մանիպուլիացիաներ։ Նախ որ մարզային ակումբներ են փակվում։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում։ Հայաստանի առաջնությունից երեք ակումբ դուրս է եկել՝ «Գանձասար Կապան» երեւանյան թիմը, որը մարզային թիմ չէ, «Լոռին», որը մարզային թիմ է եւ «Սեւան» թիմը, որը եւս մարզային թիմ չէ։ Պարադոքսալ բան կա, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի փորձում ամեն ինչ ասել նախապես դեպքերից հետո, որովհետեւ հարգում է անմեղության կանխավարկածը։ Այսինքն՝ մենք չենք հայտարարում ամեն ինչի մասին միանգամից, որպեսզի ճնշում չգործադրենք կարգապահական կոմիտեի վրա, հետո բողոքարկման կոմիտեի վրա, որոնք անկախ մարմիններ ենք։ Ես անձամբ երբեւեէ չեմ մասնակցում որեւէ որոշման կայացմանը։ «Գանձասար-Կապանը» նախորդ տարվա հոկտեմբերին պատերազմի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ։ Այդ ժամանակ Հայաստանի հավաքականը Ազգերի Լիգայում երկու կարեւորագույն վերջին հանդիպումները պետք է անցկացներ։ Դրանից առաջ խաղի ժամանակ եղավ միջադեպ։ «Գանձասար-Կապանը» հայտարարեց, որ փակում է թիմը եւ գումարը տալիս են բանակին։ Եթե չեմ սխալվում նրանց հայտարարությունն այս բովանդակությունն ուներ։ Պատերազմն ավարտվեց, դրանից 5 օր անց, իմ տեղեկություններով, մինչեւ հունվար ակումբի բոլոր ֆուտբոլիստներն ու անձնակազմը աշխատավարձերը ստացան եւ ակուբը փակվեց։ Մենք չիմացանք եւ չենք էլ կարող իմանալ՝ այդ գումարները փոխանցվեցին, թե չփոխանցվեց։ Համենայն դեպս, ակումբի փակվելն այսպես պատճառաբանվեց։

Իսկ իրական պատճառն այն էր, որ մրցավարական անձնակազմի հետ վիճաբանել էին, ծեծի էին ենթարկել խաղի գլխավոր մրցավարին, որի համար նրանց սպասվում էր որակազրկում երկար ժամկետով։ Քանի որ այդ պրոցեսները մեզ մոտ միանգամից չեն արվում, կարգապահական կոմիտեն բավական երկար աշխատանք է կատարում, ստացվեց այնպես, որ մենք չխոսեցինք այդ մասին, որպեսզի ճնշում չգործադրենք կարգապահականի եւ ստացվեց այնպես, որ «Գանձասար-Կապանը» դուրս եկավ, որովհետեւ բանակին ինչ-որ գումար պետք է փոխանցեինք եւ պատերազմական ժամանակ երկրում դա ավելի կարեւոր էր։ Իրական պատճառները ես արդեն նշեցի։ Ամենահետքրքիրն այն է, որ այդ ամենը պարադոքսալ ձեւով տեղի է ունենում հավաքականի խաղերից առաջ։ Գուցե սա պատահականություն է, բայց չեմ կարծում։

Հետո «Լոռի» ֆուտբոլային ակումբը, հավաքականի մարտ ամսվա խաղերից առաջ հայտարարեց, որ դուրս է գալիս առաջնությունից, ֆեդերացիայի հետ հարաբերություններ մատնանշելով։ Ակումբը հավաքականի խաղերից առաջ ասաց եւ արեց հավաքականի խաղերից հետո։ Հետագայում ֆեդերացիան ՖԻՖԱ-ից նամակներ ստացավ, որոնք ես լրիվ ունեմ ինձ մոտ, մոտավորապես 450 հազար եվրոյի չափով պարտք է ունեցել ակումբը։ Ֆուտբոլիստները դիմել էին ՖԻՖԱ։ Իմ կարծիքով ակումբի փակվելու ռեալ պատճառներն իրականում ֆեդերացիայի հետ կոնֆլիկտները չէին, այլ այդ պարտքերն էին։ Նույնատիպ իրավիճակը եղավ

«Սեւան» ակումբի հետ արդեն ազգային հավաքականի աշնանային կարեւոր հանդիպումներից՝ Մակեդոնիայի եւ Գերմանիայի դեմ խաղերից առաջ։ Այս իրավիճակի շիկացումը մշտապես տեղի է ունենում հավաքականի խաղերից առաջ։ Տպավորություն է ստեղծվում, թե հավաքականը պատկանում է ֆեդերացիային, ոչ թե բոլորիս եւ հավաքականի վատ ելույթներն ընդամենը ֆեդերացիային քննադատելու առիթ են։ «Սեւան» ֆուտբոլային ակումբի հետ կապված դարձյալ չեմ նշի անուններ, որովհետեւ կարգապահական վարույթն ընթացքում է։

Այն ամենն, ինչ ակումբը ցիտել էր իր հայտարարության մեջ, մեծ մանիպուլյացիա էր, որովհետեւ մինչեւ դա «Նոա» -«Սեւան» հանդիպումից հետո, «Սեւանի» փաստացի ղեկավարները հանդերձարանում ծեծի են ենթարկել մրցավարին։ Նկարներ եւ ապացույցներ կան։ Կարգապահական հանձնաժողովը եւս բոլոր այս ապացուցյներն ունի։ Ակումբի ղեկավարությունը շատ լավ գիտակցում էր, որ նրանց որակազրկման մեծ ժամկետներ էին սպասվում, քանի որ դա ֆիքսվել էր, պատվիրակի աշխատանքներն էին խոչընդոտվել։ «Սեւան» ֆուտբոլային ակումբը նախահարձակ եղավ, հայտարարեց այդ մասին՝ չխոսելով այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Կարծում եմ, որ այս արատավոր երեւույթները պետք է ավարտի հասցվեն։ Շատ հեշտ ձեւ է ամեն ինչ գցել ֆեդերացիայի վրա, բայց ֆեդերացիան չէ ծեծի ենթարկել մրցավարներին»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։

Leave A Reply

Your email address will not be published.