«Պրեմիերայի էի գնացել». սկանդալներ, ինտրիգներ, հետաքննություններ. «Տուն GUCCI» (առանց սփոյլերի)
Ֆիլմը պատմում է Gucci ընտանիքի մասին, որը կարելի է համարել շքեղության, ոճի, հզորության հոմանիշ, և թե ինչպես է այս հայտնի ազգանունը դարձել անեծք այս ընտանիքի համար։ Ցնցող պատմություն սիրո, դավաճանության, անկման և վրեժի մասին, որը հանգեցրեց աշխարհի ամենահայտնի մոդայի կայսրություններից մեկում դաժան սպանության։
Քչերը կարող են վիճել այն փաստի շուրջ, որ Ռիդլի Սքոթն աշխարհի մեծագույն ռեժիսորներից մեկն է, ով տարբեր ժանրերում նկարահանել է բազմաթիվ խորհրդանշական ֆիլմեր:
Ավաղ, վերջերս նրա նոր ֆիլմերը՝ հազվադեպ բացառություններով (օրինակ՝ «Մարսեցին»), արժանացել են քննադատությունների, որոնք մեծամասամբ արդարացված են:
«Տուն GUCCI»-ի շուրջ կարելի է վիճել։
Ֆիլմում շատ բաներ կան, որոնք կարող են ձեզ դուր գալ, օրինակ, հենց ինքը՝ պատմությունը, որը ժապավենի հիմքն է։ Այնքան էլ հաճախ չէ, որ հանդիսատեսին հնարավորություն է տրվում էկրանին տեսնել աշխարհի ամենահաջողակ և նորաձև բիզնես կայսրություններից մեկի գրավիչ շքեղությունն ու կեղտոտ գաղտնիքները։
Դերասանական կազմը փայլուն է, իսկ Լեդի Գագան ռեժիսորի անկասկած հաջողությունն է. նա վառ է ու աղմկոտ։
Ադամ Դրայվեր՝ իր գործընկերուհու լրիվ հակապատկերը՝ զուսպ ու անփույթ։
Տարեց, բայց դեռ եռանդուն Ալ Պաչինո։
Էքսցենտրիկ Ջարեդ Լետոն։
Խիստ և ամբարտավան Ջերեմի Այրոնս։
Հետաքրքիր Սալմա Հայեկ։
Բայց առաջին 40-50 րոպեից հետո ֆիլմը մի կերպ խամրում է։ Ո՛չ դերասանների ջանասեր խաղը, ո՛չ փայլուն հանդերձանքը, ո՛չ ինտրիգային անհատական սյուժետային շրջադարձերը չեն կարող շտկել ոչ այնքան ուժեղ սցենարը:
Դիտելով ֆիլմը՝ ինչ-որ պահի դադարում ես հասկանալ, թե կոնկրետ ինչ էին նկարահանում հեղինակները, և ինչու են այս կամ այն կերպ իրենց պահում ժապավենի հերոսները։
ժապավենի ժամանակը չափազանց ձգված է, բայց այն լցված է բազմաթիվ դատարկություններով, չկա լրացում։ Ավելին, սյուժեից դուրս են ընկնում ամբողջական նշանակալից կտորներ, որոնք հետո հեռուստադիտողը պետք է ինքնուրույն կռահի։
Հերոսը սիրեկան ունի։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ, և ինչու՞ ընտրեց նրան:
Gucci-ի բիզնես-կայսրությունը քայքայվեց: Ո՞ր գործողությունները հանգեցրին դրան, և ո՞վ է մեղավոր։
Դրայվերի հերոսը պարկեշտ, հանգիստ մարդուց վերածվում է տղամարդու, ով պատրաստ է դավաճանել իր հարազատներին, իսկ կինը՝ իսկական չարիքի։ Ինչպե՞ս և ինչու՞ փոխվեցին կերպարները:
Չնայած ժապավենի քաոսությանը՝ կա ցանկություն ֆիլմը մինչև վերջ դիտել՝ հիմնականում ելնելով բուն պատմության և Gucci ընտանիքի անդամների ճակատագրի հանդեպ հետաքրքրությունից, քան այն բանից, թե ինչպես է այն ներկայացվում էկրանին:
https://www.youtube.com/watch?v=43bWI5PYORE