«Ջազը մտածելակերպ է». Երեւանը կհյուրընկալի աշխարհահռչակ թմբկահար Բիլլի Քոբամին

0

Երեւանն այսօր կհյուրընկալի աշխարհահռչակ երաժիշտ Բիլլի Քոբամի եւ նրա խմբի համերգը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասվող ելույթով կեզրափակվի «Երեւան ջազ ֆեստ» միջազգային 7-րդ փառատոնը, որը նվիրված է ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի հիշատակին։

«Մեցցո» ակումբում կայացած ասուլիսի ընթացքում Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը նշել է՝ թեեւ վերջին երկու տարիները շատ ծանր էին երկրի համար, ասոցիացիան որոշում է կայացրել այս տարի եւս կազմակերպել Ջազ փառատոն՝ մարդկանց առօրյայում մի փոքր ուրախություն մտցնելու համար: Նրա խոսքով՝ ինքը  դեռ 2011թ․-ին է ԱՄՆ-ում հանդիպել Բիլլի Քոբամին եւ մտածել Երեւանում արտիստի ելույթի մասին։

Ջազ երաժիշտը նշում է՝ երկար է սպասել հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը եւ տպավորված է Երեւանով։

Քոբամի խոսքով՝ ջազի երկրպագուներն ամենուր տարբեր են, սակայն բարձր մտավոր ունակություններ ունեցող մարդիկ են․ «Ջազը մտածելակերպ է: Ջազն ու ջազի սիրահարները նման են տաբեր լեզուների: Օրինակ՝ հայտնի ջազային  «My Funny Valentine» երգը տարբեր կատարումներ ունի: Հայաստանում այն մի կերպ են ներկայացնում, Ճապոնիայում՝ մեկ այլ կերպ…»։

Ի դեպ, փառատոնն այս տարի մեկնարկել է «Ararat Jazz Night» համերգով, որի գլխավոր հյուրը GRAMMY-ի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնան էր: Ցուցադրվել է նաեւ «Կեսգիշերին մոտ» (Round midnight) ջազային մոտիվներով ֆիլմը, երաժշտությունը` Հերբի Հենքոքի: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու Վահագն Հայրապետյան ջազ տրիոն: 

Leave A Reply

Your email address will not be published.