Թոմաս Մյուլեր. Լեհերի, գերմանացիների, «բավարացիների» տեսանկյունից հիասթափված ենք «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունից
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը պատմել է, թե ինչ եզրակացություններ է արել 2021թ. «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներից։
«Լեհերի, գերմանացիների, «բավարացիների» տեսանկյունից հիասթափված ենք «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունից։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Բունդեսլիգայում կան գերազանց խաղացողներ, սակայն միջազգային ճանաչման համար պետք են նոր հաջողություններ միջազգային մակարդակում։
Սա լրացուցիչ մոտիվացիա է Չեմպիոնների լիգայում հաղթանակի հասնելու համար։ Գլխավորն այն է, որ ցույց տանք, թե ինչ կարող է անել գերմանական ֆուտբոլը։
Արդեն հաջորդ չորեքշաբթի այդ հնարավորությունը կունենանք «Բարսելոնայի» դեմ խաղում։
Իսկ Մեսիին շնորհավորում եմ «Ոսկե գնդակի» արժանանալու համար, թեեւ այս անգամ Լեւանդովսկին ավելի արժանի էր այդ մրցանակին»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։
Հիշեցնենք, որ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։