Պելեն շնորհավորել է Մեսիին
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն շնորհավորել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին 2021թ. «Ոսկե գնդակին» արժանանալու համար։
«Շնորհավորում եմ եւս մեկ «Ոսկե գնդակի» առթիվ։ Սա, անկասկած, հարգանքի արժանի տուրք է բացառիկ տաղանդին։ Յոթ անգամ, շնորհակալություն քեզ»,- Ինստագրամում գրել է 81-ամյա բրազիլացին։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին «Ոսկե գնդակին» արժանացել է 7-րդ անգամ։ Լավագույն եռյակում են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն։