Լեւոն Արոնյան․ Շատ եմ ցավում, որ մեր երկրում ամեն ինչ այսպես է եւ դեռ շարունակում ենք գտնվել պատերազմական իրավիճակում
Եթե ուզում ենք գոյատեւել, յուրաքանչյուր հաղթանակ պետք է ծառայի մեր ժողովրդին ոգեւորելու համար: Այս պահին շատ բան չունենք, շատ բան կորցրել ենք: Պետք է ունենանք հույս եւ հավատանք, որ ինչ-որ բան կփոխվի: Շատ եմ ցավում, որ մեր երկրում ամեն ինչ այսպես է եւ դեռ շարունակում ենք գտնվել պատերազմական իրավիճակում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
Հայաստանի հավաքականի նախկին անդամը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված կայծակնային խաղի Tata Steel India Blitz մրցաշարում հաղթելուց հետո օրերս վերադարձել է Հայաստան: Հաղթողի կոչումը նվաճելուց հետո գրոսմայստերը ֆեյսբուքյան գրառումով իր հաղթանակը նվիրեց Հայաստանին եւ պատերազմի բոլոր հերոսներին:
Նոյեմբերի 26-ին Լեւոն Արոնյանը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մասնակցեց իր եւ Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցի պաշտոնական վերաբացմանը, որը 2018-ից թվականից փակվել էր պետական ֆինանսավորման բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ այս շրջանում Լեւոն Արոնյանը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում եւ գտնվում է ԱՄՆ մարզական քաղաքացիություն ստանալու գործընթացում:
Լեւոն, շնորհավորում եմ Հնդկաստանում տարած հաղթանակի կապակցությամբ: Ձեր հաղթանակը Դուք նվիրեցիք պատերազմի հերոսներին: Այս շրջանում նման հաղթանակներն ինչո՞վ կարող են օգնել մեր երկրին:
90-ականներին՝ երկրաշարժից, Սովետական Միության փլուզումից հետո, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մենք շատ բան չունեինք, բայց ունեինք հույս: Հավատում էինք, որ ինչ-որ բան կփոխվի, մենք կհասնենք մեծ հաջողությունների: Այս պահին էլ շատ բան չունենք: Շատ բան կորցրել ենք, բայց պետք է մեզ պատրաստ եւ ամուր պահենք: Իմ կարծիքով, յուրաքանչյուր հաղթանակ ցանկացած բնագավառում պետք է ծառայի մեր ժողովրդին ոգեւորելու համար: Այս պահին ուրիշ նպատակներ չեն կարող լինել, եթե մենք ուզում ենք գոյատեւել:
Դուք հաստատվել եք ԱՄՆ-ում եւ այս ընթացքում գտնվում եք մարզական քաղաքացիություն ստանալու գործընթացում, բայց դեռ շարունակում եք հանդես գալ Հայաստանի դրոշով…
Իրականում, ինձ համար այդքան էլ կապ չունի, թե ես որ դրոշով եմ ներկայանում, ներկայանալու: Բոլորն էլ գիտեն, որ ես հայ շախմատիստ եմ եւ նվիրված եմ իմ ազգին: Հայաստանում որեւէ մեկից չեմ նեղանում։ Դրսում կան այն պայմանները եւ վերաբերմունքը, որն ինձ անհրաժեշտ է, որոնցով ես կկարողանամ ծառայել իմ ազգին: Ես նվիրված եմ իմ հայրենիքին:
Այս շրջանում, ի՞նչն է Ձեզ առավել անհանգստացնում երկրում, նաեւ շախմատում:
Պարզ է, որ մեր երկիրը դեռ պատերազմական իրավիճակի մեջ է: Մեր գերիները դեռ չեն վերադարձել: Սահմանները դեռ չեն գծվել: Դա շատ է ինձ անհանգստացնում: Շատ եմ ցավում, որ այսպես է ամեն ինչ մեր երկրում:
Լեւոն, Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես եկավ Ձեր բացակայությամբ: Հետեւեցի՞ք առաջնությանը եւ ի՞նչ գնահատական կտաք տղամարդկանց եւ կանանց հավաքականների մրցելույթներին:
Կարծում եմ՝ երկու թիմերն էլ շատ լավ խաղացին: Մեր տղաները շատ մոտ էին հաղթանակին: Չեմ կարող ասել, որ մեր տղաներն իմ պակասը զգացին: Ես շատ հպարտ եմ նրանց հաջողություններով: Միայն վերջին օրվա վրիպումից հետո մեր թիմն ընկավ 6-րդ տեղ, հակառակ դեպքում եռյակում անպայման կլիներ:
Ինչ վերաբերում է կանանց հավաքականին, աղջիկներն էլ էին շատ լավ հանդես գալիս: Ուղղակի մի պահ իրենց վիճակահանությունը հաջող չդասավորվեց: Շախմատում այդպես լինում է, որ վիճակահանությունը լավ չի լինում: Նրանք պարտվեցին Իտալիային, դրանից հետո խաղացին Վրաստանի, Ուկրաինայի պես հզոր թիմերի հետ:
Արդեն կողքից հետեւելով տղամարդկանց Հայաստանի հավաքականին, ըստ Ձեզ, ի՞նչ է պակասում, որ ունենանք այն նույն հաջողությունները, ինչ Ձեր՝ հավաքականում եղած ժամանակ:
Եթե Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը եւ մեր մյուս երիտասարդ շախմատիստներն ունենան այն աջակցությունը եւ կարողանան առավելագույնս օգտագործել դա, մենք կունենանք շատ հզոր թիմ: Կարծում եմ, այժմ այդ աջակցությունը կոնկրետ ֆեդերացիայի կողմից կա:
Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի կմասնակցեք:
Խաղալու եմ արագ շախմատի եւ բլիցի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունենալու Ղազախստանում դեկտեմբերի 25-30-ը: Փետրվարից մարտ անցկացվելու են ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարերը: Պատրաստվելու եմ այդ մրցաշարերին: Եթե հաջող հանդես գամ, կկարողանամ ընտրյալների ցանկում լինել եւ պայքարել աշխարհի առաջնության ուղեգրի համար: Պայքարելու եմ, որ անցնեմ աշխարհի առաջնություն: