Իբրահիմովիչ․ Կդառնայի նախագահ, եթե լինեի քաղաքական գործիչ
Իտալական «Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ կլիներ նախագահ, եթե զբաղվեր քաղաքականությամբ։
«Սպորտը միավորում է մարդկանց, քաղաքականությունն անում է հակառակը։ Լեբրոն Ջեյմսին կոչ էի արել չզբաղվել քաղաքականությամբ, բայց նա պայքարում է նաեւ ռասիզմի դեմ։ Այդ հարցում նա ճիշտ է։
Երբ 50 հազար մարդ ինձ անվանում է «անդուր գնչու», դա նույնպես ռասիզմ է։ Ես դեմ եմ դրան, բայց ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, ես զբաղվում եմ սպորտով։ Այսպես ես տարածում եմ սեր։ Իսկ եթե լինեի քաղաքական գործիչ, կդառնայի նախագահ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է The Guardian-ը։
Իբրահիմովիչի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ կողմերը մեկ տարով էլ կերկարաձգեն համագործակցությունը։