Ալերգիկ հիվանդություններով մարդկանց կարելի՞ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

0

Ալերգիկ հիվանդությունները հակացուցում չեն կորոնավիրուսի դեմ պատվաստման համար: Պատվաստման երկրորդ դեղաչափը ստանալու համար հակացուցում կարող է լինել միայն առաջին դեղաչափից առաջացած սուր ալերգիկ ռեակցիան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի համալարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը:

Նրա խոսքով, ալերգոլոգ-իմունոլոգներին այսօր հաճախ են դիմում մարդիկ, ովքեր ասում են, որ այս կամ այն ալերգիկ հիվանդությունն ունեն, ու իրենց պատվաստումը հավանաբար հակացուցված է:

«Մենք ունենք ԱՀԿ-ի կողմից առաջարկվող գործելակարգ՝ հակացուցումների եւ ցուցումների վերաբերյալ: Բացարձակ հակացուցում համարվում է միայն առաջին դեղաչափից հետո առաջացած ալերգիկ ռեակցիան, որը հաջորդ դեղաչափի համար կարող է լինել հակացուցում: Այստեղ էլ ունենք մի շարք բացառություններ: Մի շարք համաշխարհային կազմակերպություններ հետազոտություններ կատարելուց հետո եկել են այն կարծիքի, որ կարող ենք փոխել պատվաստման տեսակը, եթե նախորդ պատվաստանյութից զարգացել է ալերգիկ ռեակցիա», — ասաց մասնագետը:

Նրա խոսքով, ալերգիկ հիվանդություններ ունեցող որոշ բուժառուներ վախենում են, խուսափում են պատվաստվելուց, քանի որ այսօր շատ է տարածված սխալ, խեղաթյուրված տեղեկատվությունը: Բայց պացիենտների մեծ մասը, որոնք ունեն ալերգիկ հիվանդություններ, նույնիսկ ծանր դեղորայքային ալերգիկ ռեակցիաներ անամնեզում, ստանում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները, եւ, մասնագետի խոսքով, սուր, ծանր ալերգիկ դրսեւորումներ պատվաստումից հետո չեն գրանցվել:

Leave A Reply

Your email address will not be published.