«Քանաքեռցի Տյուշի», «Քանաքեռցի Տույի» և մյուսների սպանության գործով ձերբակալվածները Տյուշի որդիներն են
Քանաքեռում երեկ՝ նոյեմբերի 11-ին, տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների՝ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» եւ եւս երկու անձի, դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են նաեւ «Տյուշի» որդիները։ Վերջին ձերբակալվածը 19-ամյա երիտասարդ է։
Հիշեցնենք, որ հանցագործ աշխարհում հայտնի Արթուր Ղազարյանը, որը հայտնի է Քանաքեռցի Տույ մականունով, իր համախոհների հետ՝ ատրճանակներով եւ ինքնաձիգերով զինված, եկել էր նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռցի Տյուշի տուն, թե ինչ պատճառով՝ դեռ հայտնի չէ։
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետեւանքով չորսը սպանվել են, 4-ն էլ վիրավորվել։ Սպանվել են Քանաքեռցի Տույը, Քանաքեռցի Տյուշը, Արայիկ Խաչատրյանը եւ Արթուր Բորյանը։ Նախկին պատգամավորը եւ 38-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել են։
Հիվանդանոցներ են տեղափոխվել 19-ամյա երիտասարդ, 61-ամյա տղամարդ՝ «Հեմոռագիկ շոկ, հրազենային վնասվածքով», 27-ամյա երիտասարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 37-ամյա տղամարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 38-ամյա տղամարդ՝ «Կրծքավանդակի որովայնի շրջանում հրազենային վնասվածք», ինչպես նաեւ դեռեւս տվյալների պարզաբանման փուլում գտնվող եւս մեկ տղամարդ՝ «Ձախ նախաբազկի միջաձիգ հրազենային վիրավորում վնասվածք» ախտորոշումներով: Մեր տեղեկություններով՝ վիրավորում է ստացել նաեւ նախկին պատգամավորի որդիներից Վլադիմիր Սիմոնյանը, որը նաեւ կասկածվում է սպանության մեջ։
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ առաջինը կրակել է հենց Վլադիմիր Սիմոնյանը, որի հետեւանքով էլ Քանաքեռցի Տույը մահացել է։ Նախկին պատգամավորի որդին նախկինում աշխատել է Երեւանի քաղաքապետարանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որոշ ժամանակ անց ազատվել պաշտոնից։
Քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 45 պարկուճ եւ գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Հարուցվել է քրեական գործ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ սպանության հատկանիշներով։ Քրեական գործով ձերբակալվել է 4 անձ։