Այսօր յուրաքանչյուր հայ, մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի մեր հայրենիքի համար. Արա Աբրամյան

0

Այսօր յուրաքանչյուր հայ, մեզանից յուրաքանչյուրը, ով շարունակում է սիրել Հայաստանն ու հավատալ նրա ապագային, պետք է ամեն ինչ անի իր հայրենիքի համար: Այլապես կանցնեն տասնյակ, հարյուրավոր տարիներ, բայց մեր սերունդները մեզ չեն ների,- ասված է 44 օրյա պատերազմի արդյունքների վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի հայտարարության մեջ:

Ստորև՝ հայտարարությունն ամբողջությամբ.

. Ղարաբաղյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց, ցավոք սրտի, ստիպված ենք կրկնել այն, ինչի վրա բազմիցս իշխանությունների և հասարակության ուշադրությունն ենք հրավիրել: Հարավային Կովկասում նոր գործընթացները պահանջում են ստեղծված իրողությունների վերագնահատում՝ հատկապես Հայաստանի կողմից: Ամենակարևոր հարցը, որ դրված է նրա առաջ՝ պետականության պահպանումն է, սահմանների անձեռնամխելության, երկրի և նրա քաղաքացիների անվտանգության ապահովումը, Արցախի կարգավիճակի հստակեցումը, ժամանակակից մարտունակ բանակի և արդյունավետ տնտեսության կառուցումը, սփյուռքի հետ համակարգային և արդյունավետ կապերի ձևավորումը:

. Արցախի գոյության հարցը Հայաստանի գոյության հարցն է: Արցախը Հայաստանի սիրտն է, որը միջազգային իրավունքով երբեք Ադրբեջանի կազմում չի եղել: Այն պետք է փրկել կործանումից՝ հանուն Արցախի ազատության և անկախության համար նախորդ երեք տասնամյակներում մեր զոհերի հիշատակի, հանուն այսօր ապրողների և հանուն ապագա սերունդների, որոնց, ցավոք սրտի, փոխանցվելու է այսօրվա իշխանավորների արարքների, մտավորականության և բիզնես էլիտաների լռության և հարմարվողականության պատասխանատվությունը, որոնք չեն հասկանում կամ ձևացնում են, որ չեն հասկանում թե ինչ է կատարավում և ինչ ենք կորցնում:

. Այսօրվա իրավիճակի համար առանձնահատուկ պատասխանատվություն պետք է զգան Հայաստանի բոլոր նախագահները՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից: Նրանցից յուրաքանչյուրի վարած քաղաքականությունը, չնայած հաղթողի կարգավիճակին, չէր տանում և չբերեց ղարաբաղյան խնդրի լուծմանը, այլ ընդամենը հետաձգեց նոր պատերազմի սկիզբը՝ Ադրբեջանին հնարավորություն տալով ուժեղանալ և Թուրքիայի և մերձավորարևելյան ահաբեկիչների օժանդակությամբ հարձակվել Արցախի վրա, ոտնձգություններ կատարել Հայաստանի նկատմամբ: Փաշինյանը, վարչապետի աթոռի հետևից վազելով, չցանկացավ տեսնել, որ պատերազմը թակում է դուռը, իսկ, դառնալով երկրի ղեկավար, ոչինչ չարեց ո՛չ պատերազմը կանխելու, ո՛չ հնարավոր բախմանը պատրաստվելու համար: Ավելին, կենսագործունեության տարբեր ոլորտների ոչ կոմպետենտ կատավորումն ու նախարարական՝ խառնաշփոթության հասնող հաճախակի փոփոխությունները, հասարակությունը «սևերի» և «սպիտակների» տրոհելը, բանակը, արտգործնախարարությունը, կրթամշակութային հիմնարկները արժեզրկելու և գլխատելու փորձերը, որպես արդյունք, բերեցին միասնական ճակատով ռազմական ագրեսիային դիմակայելու անպատրաստությանը:

. Պատերազմի ավարտից հետո Ալիևի և Փաշինյանի գործողությունները, անկախ հռետորաբանությունից, տարածաշրջանին խաղաղություն չեն բերել և հազիվ էլ թե  բերեն: Տարածաշրջանին տնտեսկան բարգավաճում խոստացող փաշինյանական քաղաքականությունը նույպիսի խաբկանք է,  ինչպես Երկրորդ ղարաբաղյան պատերազմի օրերին մոտալուտ հաղթանակի մասին հայկական իշխանությունների պաշտոնական սուտը: Այդ համատարած ստի և հայկական իշխանությունների թողտվության պատճառով 44-օրյա պատերազմը հազարավոր կյանքեր խլեց, Արցախը կորցրեց իր պատմական տարածքների մեծ մասը: Այդ ամենն ավարտվեց երկրի և ժողովրդի համար ստորացուցիչ կապիտուլյացիայով՝ տրոհելով մեր կյանքը «նախքանի» և «հետոյի»: Լինելով խաղաղության, կայունության և տարածաշրջանի բոլոր երկրիների հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակց՝ մենք չենք կարող չնկատել ակնհայտը: Այսօր ընթացող աշխարհաքաղաքական տեղաշարժերի համապատկերում Ադրբեջան-Թուքիա-Պակիստան եռյակի հզորացումը և, Բաքվի ռազմական պոտենցիալի մեծացման ֆոնին, «յուրայինների» և «օտարների», «նախկինների» և «ներկաների» տրողված Հայաստանը գնում է դեպի նոր արհավիրքներ ու կորուստներ: Ոչինչ և ոչ ոք չի կարող կամ չի ցանկանում կասեցնել այդ գահավիժումը: Բաքվի հետպատերազմյան ագրեսիվ վարքն ու հռետորաբանությունը խոսում են նոր պատերազմին պատրաստվելու՝ այդ երկրի ծրագրերի մասին: Հայերի հասցեին մշտական սպառնալիքները, Շուշիում հրավառությունների ֆոնին խաղաղ բնակիչների սպանությունները դրա վկայությունն են: Այս ամենը, Փաշինյանի պասիվության հետ միասին, ոչ թե խաղաղության են տանում, այլ ընդհակառակը, սեփական ժողովուրդների տակ դանդաղ գործող ռումբ են դնում՝ նոր պատերազմի նախադրյալներ ստեղծելով:

. Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքանությունը, չնայած գեղեցիկ խոսքերին, տանում է ոչ թե երկրի բարգավաճմանը, այլ տնտեսական ազդեցության ոլորտների ներքին վերաբաշխմանը հօգուտ տեղական կոմպրադորների, բերում է պետության և եկեղեցու հիմքերի թուլացմանը, ազգային արժեքների և ինքնության կորստին, երկրի քաղաքացիների և սփյուռքահայության խայտառակմանն ու նվաստացմանը: Հայաստանում աղքատության հետևանքով առաջացած հուսալքության ու արտագաղթի պատճառով տեղի է ունենում պատմականորեն ձևավորված նպատակների և գաղափարների փոխակերպում, որն արտահայտվում է ինքնության փոփոխմամբ, հավատի, հոգևոր արժեքների և սեփական արմատների ուրացմամբ: Խախտված ավանդույթների փոխարեն, խզելով հասարակության զարգացման բնական ընթացքը: Չի ստեղծվում ոչ մի արժեք, ընդհակառակը, մարդկանց ներշնչվում են կեղծ գաղափարներ և արժեքներ, օրինակ այն մասին, թե Երևանի կողմից առանց նախապայմանների Ադրբեջանն ու Թուրքիան միացնող սահմանների և հաղորդակցության ուղիների բացումը, դարերով հայերի նկատմամբ ֆիզիկական բնաջնջման քաղաքականություն տանող թուրքերի հետ անհամարժեք և անշահավետ հարաբերությունների ստեղծումն ավելի շահավետ ու հաճելի է, քան Ռուսաստանի հետ հարաբերությունները:

. Թուրքիայի և Ադրբեջանի միջև ինտեգրացիոն գործընթացների ֆոնին, երբ նրանք տարբեր մակարդակներում ձևավորում են հորիզոնական կապեր, այդ թվում նաև իրենց արտասահմանյան համայնքների հետ, Հայաստանի իշխանությունները, սկսած 2018 թվականից, անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստան-սփյուռք կապը խզվի: Քայլեր են արվում արժեզրկելու և, իրենց պատկերացմամբ, թուլացնելու հեղինակավոր հայկական համայնքները՝ այդ թվում ռուսաստանյանը, ապարդյուն փորձելով սփյուռքում ներդնել իրենց գաղափարախոսությունն ու բաժանարար գծերը, որոնք վտանգավոր դեր խաղացին հայ հասարակության բևեռացման գործում: Մի՞թե դա է պաշտոնական Երևանի գործը, թե՞ երկրի քաղաքական-տնտեսական պոտենցիալի բացահայտման համար պայմանների ստեղծումը, սփյուռքի հետ համագործակցության արդյունավետ մեխանիզմներով երկրի դիվանագիտական ռևանշը:

. Թե՛ մեկ տարի առաջ, թե՛ դրանից հետո իր դաժանությամբ և ուխտադրժությամբ աննախադեպ այս պատերազմի արդյունքները չեն արժանացել հստակ իրավաքաղաքական գնահատականի ո՛չ համապատասխան միջազգային կառույցների և ինստիտուտների, ո՛չ դաշնակիցների, ո՛չ էլ հայկական պետականության և հասարակության կողմից: Սփյուռքի հեղինակավոր կառույցներն ու գործիչները (բացառությամբ քչերի, այդ թվում և Ռուսաստանի հայերի միության) կամ սատարել են իշխանություններին, կամ դրսևորել են հանցավոր անգործություն, քողարկվելով «մենք չենք ցանկանում խառնվել դրան» կարգախոսով՝ դրանով իսկ լեգիտիմացնելով այն բարոյական ապօրինությունները, որոնք կատարվում էին Հայաստանում:

. Փաշինյանի իշխանության գալու վտանգների մասին մենք խոսել ենք դեռևս 2018 թվականի ապրիլին: Այսօր նույնպես ստիպված ենք փաստել, որ իշխանությունում Փաշինյանի մնալը կործանարար է Հայաստանի համար և ստորացուցիչ՝ հայերիս համար: Եթե նա հեռանար, ինչպես մենք կոչ էինք անում երեք, երկու, մեկ տարի առաջ և անգամ այսօր, երկրի առաջ չէին ծառանա այն ճակատագրական մարտահրավերները, որոնց հետ մենք առընչվում ենք: Առավել վտանագավոր է այն, որ այս տարիների ընթացքում դեմագոգիայի և պոպուլիզմի քողի տակ առանցքային փոփոխությունների է ենթարկվել երկրի քաղաքական էլիտան: Ֆորմալ էլիտա են ներկայանում նրանք, ովքեր բնույթով այդպիսիք չեն, իսկ որպես «նախկիններ» պիտակավորված ընդդիմությունը սոսկ ավելացրել է այս իշխանության նկատմամբ համակրանքը: Այսօր, ինչպես նախկինում, օրախնդիր է անձամբ Փաշինյանի և նրա իշխանության հետացումը:

. Փաշինյանն ու իր շրջապատը պատմության մեջ կմնան ոչ միայն որպես կապիտուլյանտներ, ովքեր հանձնում և զիջում են դիրքերն այնտեղ, որտեղ կարելի էր և պետք էր պահել, այլև ազատ, անկախ և հզոր, միջազգային հանրության կողմից հարգված և հարևանների հետ խաղաղ ապրող պետության երազանքը աշխարհի հայությունից գողացողի խորհրդանիշ: Սեփական երկրում և սեփական հողի վրա արժանապատիվ ապրելու երազանքը, այն հոհի, որի վրա հազարամյակներով ապրել և արարել են մեր նախնիները:

. Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող Ալիևի հետ արդյունավետ բանակցող լինել: Ալիևը հաղթել է նրան: Բացահայտ վիրավորել ու ստորացրել ոչ միայն այն ժողովրդին ու երկրին, որի վարչապետն է Փաշինյանը, այլև անձնապես իրեն: Հենց այդ պատճառով արդեն գոյություն ունեցող պայմանավորվածություններն ու հայտարարությունները ետ չեն պահում Ալիևին պայմանավորվածությունները չկատարելուց և պատմական հայկական տարածքների և Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններից: Իրավիճակը խորացնում է Փաշինյանի նկատմամբ այն հակակրանքն ու անվստահությունը, որ տիրում է հայ հասարակության մեջ: Այս իրադրությունում ակնհայտ է, որ նա չի կարող իրավահավասար վիզավի լինել:

. Այսօր յուրաքանչյուր հայ, մեզանից յուրաքանչյուրը, ով շարունակում է սիրել Հայաստանն ու հավատալ նրա ապագային, պետք է ամեն ինչ անի իր հայրենիքի համար: Այլապես կանցնեն տասնյակ, հարյուրավոր տարիներ, բայց մեր սերունդները մեզ չեն ների: Որպեսզի դա տեղի չունենա, հրավիրում եմ մեր հայրենակիցներին և Հայաստանի բարեկամներին, ովքեր պատրաստ են իրենց առաջարկություններն ու լուման ներդնել, 2021 թվականի գարնանը գալ Երևան՝ մասնակցելու «Արարատյան ալյանս» համաժողովին, ինչի մասին մանրամասն տեղեկատվությունը կլինի առաջիկայում:

Դեն նետելով բոլոր տարաձայնություններն ու այսրոպեական հակասությունները՝ մենք պետք է նստենք կլոր սեղանի շուրջ և կազմենք մեր հայրենիքի՝ Հայաստանի, փրկության և զարգացման միավորող ճանապարհային քարտեզը:

Leave A Reply

Your email address will not be published.