Բայդենը հայտարարել է Covid-19-ի դեմ 5-11 տարեկան երեխաների պատվաստումների մեկնարկի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են հաջորդ շաբաթվանից սկսել 5-ից 11 տարեկան երեխաներին պատվաստումը կորոնավիրուսի դեմ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի քան 28 միլիոն երիտասարդ ամերիկացի այժմ իրավունք ունի պատվաստանյութ ստանալ, որը կպաշտպանի COVID-19-ից, ասել է նա: Բայդենը հավելել է, որ իր վարչակազմն առաջին իսկ օրվանից պատրաստվում է երեխաներին պատվաստելու քարոզարշավին, եւ այժմ այն պատրաստ է։
«Արդեն հաջորդ շաբաթ մենք կունենանք պատվաստանյութի բավարար չափաբաժիններ եւ բավարար կետեր։ Իսկ ծնողները կկարողանան գրանցվել` իրենց երեխաներին առաջին պատվաստումը տալու համար»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Նախագահը նշել է, որ իշխանությունները պատվաստանյութի բավարար չափաբաժիններ են ապահովել ԱՄՆ-ում 5-ից 11 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար, իսկ երեխային պատվաստել հնարավոր կլինի 20 հազար կետերում ամբողջ երկրում, այդ թվում՝ դպրոցներում, հիվանդանոցներում եւ դեղատներում:
Ավելի վաղ ԱՄՆ Առողջապահության եւ մարդկային ծառայությունների նախարարությունը հաստատել էր 5-11 տարեկան երեխաների կորոնավիրուսի դեմ պատվաստումը դեղամիջոցով, որը մշակվել է ամերիկյան դեղագործական Pfizer ընկերության կողմից` գերմանական BioNTech ընկերության հետ համատեղ։
Ավելի ուշ որոշումը պաշտոնապես հաստատվեց ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից։