Ինչու պետք է Փաշինյանի կառավարությունը հեռանա հենց հիմա
Փաշինյանի կառավարությունը բարոյապես ու ֆիզիկապես հոգևարքի մեջ է: Նրանք իշխանությունը պահում են բացառապես բռնաճնշումների միջոցով և արտաքին գործընկերներին շանտաժի ենթարկելով: Եթե հարևան երկրներն ու գերտերությունները հոգնեն նիկոլական «կռուտիտներից», ապա դա Հայաստանի և Արցախի պատմական վախճանը կլինի: Նրանք դա հասկանում են և դեռ ինչ-որ հավասարակշռման մեխանիզմներ են ձևավորում՝ տարածաշչջանում կոլապս թույլ չտալու նպատակով:
Բայց արդեն ծայրահեղ իրավիճակ է երկրի ներսում և դա բացառապես կառավարության ապաշնորհության պատճառով է: Այսպես՝ Փաշինյանի կառավարությունն ամբողջովին ձախողել է հակահամաճարակային քաղաքականությունը: Նրա պարտադրանքներն ու հեղինակությունը չեն բավարարում քաղաքացիներին համոզելու, ստիպելու, որպեսզի կատարեն հակահամաճարակային պահանջները և համավարակը արդեն վերահսկողությունից դուրս է եկել: Հիվանդացածների և բուժվածների հարաբերակցությունը վաղուց արդեն վերջինների օգտին չէ, մահերի թիվը կայուն մնում է օրական 30-ից բարձր: Բոլոր նախադրյալները կան, որ երկրում լոքդաուն հայտարարվի, որպեսզի կտրվի վարակի շղթան: Բայց Փաշինյանը խուսափում է լոքդաունից, որովհետև իր ապաշնորհ կառավարման պատճառով տնտեսությունը դրանից կարող է վերջնականապես փլուզվել: Արդեն կրճատում են հանգստյան և տոն օրերը, դադարեցվել է պետպատվերով բուժումը, մի քանի անգամ ֆինանսական խնդիրներ են ծագել կենսաթոշակների և նպաստների վճարման ժամանակ, իսկ գնաճը «խժռում է» տնտեսության առողջացման բոլոր «ջանքերը»:
Այսինքն, Փաշինյանի կառավարությունը երկրի տնտեսությունն այն աստիճանի է հասցրել, որ քաղաքացիների առողջությանն արդեն արժեք չունի իր համար: Կառավարող թիմը հասկացել է, որ երկրի տնտեսության փլուզումը կարող է ճակատագրական լինել իր ֆիզիկական գոյության համար և իր քաղաքացիների կյանքի գնով փորձում է երկարաձգել այն: Այդպես էր 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մերժում էր ռազմական գործողությունները դադարեցնելու իրեն արվող առաջարկները, միայն թե իրեն դավաճան չհամարեն և չհեռացնեն իշխանությունից: Այդպես է հիմա և ոչ մի արդարացում, թե, ադրբեջանցիներին զիջումներ անելով՝ երկրի ներսում կայնքը լավանում է, այլևս չի անցնում: Այդ պատճառով Փաշինյանի կառավարությունը պետք է հենց հիմա հեռանա: Մեկ օր կամ շաբաթ հետո կարող է շատ ուշ լինել: