«Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ». նկարիչ Էրիկ Գասպարյանի Inside The Time ցուցահանդեսի բացումը (ֆոտո)
Հոկտեմբերի 17-ից Փյունիկ զարգացման կենտրոնում բացվել է նկարիչ Էրիկ Գասպարյանի՝ «INSIDE THE TIME» («Ժամանակի մեջ») խորագրով ցուցահանդեսը: Նկարչի աշատանքներում դասական գրաֆիկ արվեստն է՝ գրաֆիկայի ու յուղաներկի հետ միքսի տեսքով: Ցուցահանդեսին ներկայացված է 27 աշխատանք:
Ըստ նկարչի՝ «INSIDE THE TIME» խորագիրը որոշվել է նկարների թեմաներից ելնելով.
«Բոլոր նկարները կապ ունեն մարդու կյանքի ու բնազդի հետ: Միշտ կշարունակվի մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ, քանի որ դա այն հարթությունն է, որտեղ հին ու նոր չկա»,-ասում է Էրիկը, որը հին ու նորը միաձուլելով՝ փորձել է ժամանակի խնդիրը լուծել:
«Կա երեք նկար Covid համավարակի թեմայով. մարդիկ հիմա պետք է դրա հետ ապրել սովորեն, իսկ ես պատկերել եմ նրանց ապրումների դաշտը: Նկարներից մեկում պատկերված է, թե ինչպես է մարդու մարմինն ուզում ազատություն համավարակից»,-հավելում է նա:
Ներկայացված աշխատանքներում կան կրոնական ուղղվածության մի շարք սիմվոլներ,-«Նկարներս նաեւ հավերժության եւ հավասարակշռության մասին են: Ես շատ եմ ուզում, որ գրաֆիկան Հայաստանում զարգացում ապրի, քանի որ այն յուրահատուկ ժանր է»,-ասում է նկարիչը, որը արվեստի այս ուղղվածության հանդեպ սերը զգացել է 6 տարեկանից, հետագայում կրթություն է ստացել Գեղարվեսըի պետական ակադեմիայում: Էրիկին հոգեհարազատ է հենց գրաֆիկայի ժանրը, որով էլ շարունակել է իր ուղին, եւ որն էլ արտացոլված է նրա ներկայիս աշատանքներում: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 22-ը ներառյալ: