«Սա այն աշխատանքն է, ինչով ես ցանկանում եմ զբաղվել». Արեւիկ Ալավերդյանը՝ իր նոր գործունեության ու ամուսնու աջակցության մասին

0

Փարիզաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, թեեւ վաղուց թողել է երգարվեստը, բայց՝ ոչ ստեղծագործական ասպարեզը: Միշտ ոճային Արեւիկը որոշել է կյանքի կոչել իր վաղեմի երազանքն, ու շուտով ներկայանալու է՝ որպես դիզայներ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհի-դիզայները պատմել է՝ ինչպես է հանգել այդ որոշմանը եւ ում համար է նախատեսված լինելու իր հավաքածուն:

«Մոդելավորմամբ զբաղվել միշտ եմ ցանկացել, բայց դեռ վաղ հասակից մեծացել եմ երաժշտության մեջ, եւ այդ ուղղությամբ եմ լուրջ քայլեր արել, ինչի համար հետագայում սկսեցի փոշմանել (ծիծաղում է)»:

Երգչուհին խոստովանում է՝ թեեւ Փարիզ տեղափոխվելն իրեն է´լ ավելի է ոգեշնչել մոտ լինել նորաձեւությանը, սակայն մտածել է՝ իր դեպքում այդ աշխարհում հայտնվելը իրատեսական չէ.

«Այդ պատճառով այդ մտքից հրաժարվեցի, սակայն եկավ մի պահ, երբ պատերազմը նոր էր ավարտվել, եւ ես շատ վատ վիճակում էի, ինչպես բոլորը, ու ափսոսում էի, նույնիսկ, ամաչում, որ ինչ-ինչ պատրվակներով օգտակար գործ չեմ անում, կամ՝ չեմ փորձում իրականություն դարձնել երազանքս: Մի օր արթնացա, ու մեջս այնքան ինքվստահություն ու ուժ կար, որ ամուսնուս պատմեցի որոշմանս մասին, իսկ նա ինձ հենց այդ վայրկյանից թեւ ու թիկունք եղավ ու ամեն հարցում աջակցեց: Իհարկե, երբեք չէի մտածի, որ այսպիսի մասշտաբային գործ կսկսեմ, բայց, առաջ Աստված, ուզում եմ փորձել: Գուցե, ինչ-որ չափով Փարիզ տեղափոխվելս ազդեցություն ունեցել է որոշմանս վրա, բայց կարծում եմ՝ իմ ոճի զգացողությունն ավելի շատ ներսից է գալիս՝ իմ էությունից, բնավորությունից… »:

Սրեւիկն իր հավաքածուն մոդելավորելիս մի շարք բաներից է ոգեշնչվում՝ սիրելի բրենդներից, հայտնի կանանց ոճից… Նրա խոսքով՝ իր հագուստը նախատեսված է մինիմալ շքեղությունը գնահատող, ինքնավստահ կանանց համար:

«Տեսականին նախատեսվածից ուշանում է, բայց շուտով այն կներկայացնենք: Ահռելի մեծ ու պատասխանատու աշխատանք է, ու կարեւորը՝ թիմը պետք է գիտակցի՝ ինչի համար է աշխատում, այդ պատճառով եղան որոշ թարմացումներ: Գեղարվեստական տնօրենը ես եմ, կատարում եմ նաեւ մոդելավորումը, ոճն ընտրում եմ ես, բայց, իհարկե, ունենք շատ տաղանդավոր դիզայներ, որն աշխատում է ինձ հետ ու այնպես անում, որ մտքերս կյանքի կոչվեն»,-նշեց նա՝ հավելելով,- «Ինձ համար կարեւոր է, որ կողքիս լինեն պատասխանատու մարդիկ, որոնք ինձ հետ կանցնեն այս դժվար ճանապարհը եւ կփորձեն այն որոշ ձեւով հեշտացնել: Ես աշխատատեղեր ապահովեցի շատերի համար, ու շատ ուրախ եմ, որ իմ թիմը ոգեւորված աշխատում է այս նախագծի շուրջ՝ ջանք չխնայելով, քանի որ սա արվում է ոչ միայն իմ, այլեւ՝ իմ հայրենիքի համար, հագուստը լույս է տեսնելու «Արտադրված է Հայաստանում» պիտակով: Սա, միանշանակ, այն աշխատանքն է, ինչով ես ցանկանում եմ զբաղվել, ու Աստծո կամքով՝ հուսով եմ՝ ամեն ինչ կընթանա այնպես, որ հասնեմ նպատակներիս ու երազանքներիս»:

Սյունե Առաքելյան

Leave A Reply

Your email address will not be published.