Մահացել է «Բեթմենի» աստղ Ջին Հեյլը
Սանտա Մոնիկայում 83 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի եւ սցենարիստ Ջին Հեյլը, հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով նրա ընտանիքի անդամներին։
Մահը վրա է հասել օգոստոսի 3-ին։ Հարազատները չեն նշում, թե ինչն է դարձել դերասանուհու մահվան պատճառը։
Ջին Հեյլը ծնվել է 1938թ․-ի դեկտեմբերի 27-ին Սոլթ-Լեյք-Սիթիում։ Նա կինոյում ավելի քան 60 դեր է խաղացել, մասնավորապես, 1960-ականներին նկարահանվել է «Վայրի, վայրի արեւմուտք» ժապավենում, «Բեթմեն», «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է» եւ «Իմ սիրելի մարսեցին» սերիալներում։
Դերասանական դպրոցում սովորելու տարիներին Ջին Հեյլը ծանոթացել է ապագա ամուսնու՝ Դեբնի Քոուլմենի հետ։ Նրանք ամուսնացել են 1961թ․-ին Նյու Յորքում, ամուսնությունը դերասանուհու համար առաջինն է եղել, Քոուլմենի համար՝ երկրորդը։ Հարաբերությունների ընթացքում լույս աշխարհ են եկել նրանց երեխաները՝ Քելին, Ռենդին եւ Քուինսին։ Զույգը բաժանվել է 1984թ․-ին։ Հենց այդ ժամանակ Ջին Հեյլը հիմնել է իր պրոդյուսերական ընկերությունը՝ «Coleman-Tanasescu Entertainment»։