Հայտնիներն ու զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երախաները՝ մեկ բեմում. Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի «Կողք կողքի» փառատոնը (տեսանյութ)
Հոկտեմբերի 1-ին եւ 4-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կկայանա «Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնը, որի նպատակն է լսելի դարձնել զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների ձայներն ու կարողությունները:
Փառատոնն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Երեւանում: Դրան մասնակցում են Երեւանի եւ մարզերի տարբեր վերականգնողական կենտրոնների սաները:
«Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնի հիմնադիր-ղեկավար, երաժշտաթերապեւտ Նաիրա Սարգսյանը ուրախությամբ է նշում, որ առաջին փառատոնը մոտիվացնող ներուժ է ունեցել իրենց սաների վրա՝ ստիպելով, որ էլ ավելի ոգեւորված պատրաստվեն գալիք համերգներին: Երեխաներին այս հարցում աջակցելու են նաեւ հայկական երգարվեստի ճանաչված դեմքերից շատերը:
Այս նախաձեռնության ու փառատոնի մանրամասների շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է Նաիրա Սարգսյանի հետ.
«Կողք կոքի» երաժշտական ներառական-արտ փառատոնն ստեղծելու գաղափարն ինձ մոտ ծագեց այն ժամանակ, երբ երաժշտական թերապիայի ընթացքում հասկացա, որ երեխաներն ասելիք ունեն, բեմից կարող են ներկայանալ եւ հանրությանն ինչ-որ բան ասել իրենց կատարումով եւ երաժշտական կարողությունով: 2019 թ-ին՝ ԿԳՄՍ նախարարության ներքո տեղի ունեցավ մեր առաջին փառատոնը: Փառատոնին ներգրավված էին տարբեր ներառական կազմակերպություններ»,-պատմում է նա՝ հավելելով,-«Փառատոնն իր ձեւաչափով տարբերվում է նրանով, որ այն բացի երեխաներից ներառում է տարբեր անվանի երաժիշտների. մասնակցում են Ռուբեն Հախվերդյանը, Միքայել Ոսկանյան եւ ընկերներ բենդը, Գոռ Սուջյանը, Վահագն Հայրապետյանը, «Նեմրա», «Լավ էլի», Hope for Coffee խմբերը, Աննա-Անահիտ Մխիթարյան քույրերը եւ այլք: Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել Սեւանի, Գյումրու, Սպիտակի, Իջեւանի եւ Երեւանի բոլոր վերականգնողական կենտրոնները»:
Փառատոնին երեխաները ներկայանալու են ոչ միայն երաժտական համարներով, այլեւ՝ իրենց ձեռքի աշխատանքներով:
Անդրադառնալով տվյալ փառատոնն անցկացնելու կարեւորությանը՝ Նաիրա Սարգսյանն ընդգծեց.
«Այս փառատոնը մեծ հնարավորություն է տալիս երախաներին լսելի լինելու, մեր շրջապատում ավելի ներագրավվելու, ինչն իրենց շատ է պակասում, եւ մեր հասարակության մեջ ներառական մտածողությունն է սերմանվում: Նպատակն է նաեւ մեր երեխաների համար ստեղծագործական միջավայր ստեղծելը, ինչն իրենց կրկին շատ անհրաժեշտ է»:
Փառատոնը տեղի կունենա ԿԳՄՍ նախարարության, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի եւ SOAR կազմակերպության հովանու ներքո: Ավելի մանրամասն՝ տեսանյութում:
Սյունե Առաքելյան
Օպերատոր՝ Ալեքս Խաչատրյան