«Տարբեր երկրներից ինձ հրավիրում են համերգների. նրանց հետաքրքրում է մե՛րը, հայկակա՛նը, ազգայի՛նը». Հասմիկ Լեյլոյան
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանին տասնամյակներ շարունակ տեսել ենք հայաստանյան տարբեր բեմերում: Նա համագործակցել է հայ եւ օտարազգի ճանաչված բազմաթիվ երաժիշտների հետ, ինչպիսիք են Ջիվան Գասպարյանը, Հիբա Ալ Քավազը, Պեդրո Յուստաշը, Դավիդ Կուչերմանը, Նադիշանան, Վադիհ էլ Սաֆին, իսկ կոմպոզիտոր, երաժիշտ Արա Գեւորգյանի հետ համագործակցությունն ավելի քան 30 տարվա պատմություն ունի։ Համերգներով հանդես է եկել ավելի քան 60 երկրում։
Քանոնի հայկական հնչողությունը, կատարողական նոր առանձնատակությունները սերունդներին փոխանցելու համար հեղինակել է քանոնի բազմաթիվ ժողովածուներ ու ձեռնարկներ, որոնք նաեւ ներառում են հայկական ժողովրդական եւ դասական ստեղծագործությունների փոխադրումներ քանոնի համար։
Քանոնի հետ առաջին հանդիպումն ունեցել է 9-10 տարեկանում, իսկ քանոնի առաջին ուսուցիչը եղել է Հակոբ Արաբյանը։ «Մեկ տարի գործիք չեմ ունեցել, բայց հետո ծնողներս ինձ համար գնեցին ամենալավ ու թանկ գործիքը, որ պատրաստել էր հայտնի վարպետ Հակոբ Երիցյանը։ Նա նմանատիպ երեք քանոն էր պատրաստել, մյուս երկուսը նվագում էին ավելի փորձառու եւ տարիքով քանոնահարներ, բայց չգիտես ինչու, դրանք վնասվեցին, ջարդվեցին։ Վարպետ Հակոբը շատ էր հետաքրքրված, ուզում էր իր համար ի վերջո պարզել՝ ինչպես է եղել, որ նույն գործիքից երեք հատ պատրաստել է, երկուսը վնասվել են, իսկ իմը մինչեւ հիմա մնում է, իմ տանն է։ Ես դրանից հետո շատ նվագարաններ եմ ունեցել, բայց իմ առաջին քանոնն իր առանձնահատուկ տեղն ունի։ Շատ եմ սիրում այդ գործիքը, որովեհետեւ թանկ ու հարազատ է, եւ բազմաթիվ ջերմ հուշեր կան նրա հետ կապված»,- նշում է նա։
Նրա խոսքով՝ եղբայրը՝ Արտաշես Լեյլոյանը, որը ճանաչված երաժիշտ եւ խմբավար էր, նույնպես մեծ ներդրում է ունեցել որպես ի կայանալու ճանապարհին։ 1990-ականների ծանր տարիներին նա ստեղծել է ժողգործիքների «Հայկ» նվագախումբը՝ համախմբելով եւ միավորելով բազմաթիվ երաժիշտների։ Նա, ցավոք, անժամանակ հեռացել է կյանքից։
Հասմիկ Լեյլոյանի առաջին մենահամերգը կայացել 1974 թվականին՝ երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո։ Այն կազմված էր երկու բաժնից, որտեղ հնչեցին Սարասատեի, Սեն-Սանսի, Ալբենիսի, Շոպենի եւ այլ կոմպոզիտորնբերի դասական վիրտուոզ ստեղծագործություններ, որոնք գրված էին ջութակի, դաշնամուրի համար եւ տեխնիկապես քանոնի համար չէին նախատեսված։ Այդ պատճառով պահանջվում էին կատարողական նոր ձեւեր՝ նման բարդ ստեղծագործությունները քանոնով կատարելու դժվարությունները հաղթահարելու համար։
Նա Հայպետֆիլհարմոնիայում ծանոթացել է կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի հետ։ «Հատուկ քանոնի համար ստեղծագործություններ գրած առաջին կոմպոզիտորը եղել է Խաչատուր Ավետիսյանը։ Նրա՝ քանոնի համար գրված կոնցերտով էլ ընդունվել եմ երաժշտական ուսումնարան։ Կոմպոզիտորն ինքն էլ հրաշալի քանոն է նվագել։ Ափսոս, որ նրա ձայնագրությունները չեն պահպանվել՝ բացի «Էշխեմետ»-ից, որը հնչում է «Սայաթ-Նովա» ֆիլմում։ Առաջներում ընդունված է եղել, որ քանոն տղամարդիկ նվագեն, ոչ թե կանայք։ Հենց Խաչատուր Ավետիսյանն էլ աղջիկների խումբ է հավաքել, քանոն նվագել սովորեցրել, անսամբլ ստեղծել՝ ջարդելով կարծրատիպը. դրանից հետո քանոնը մեզանում սկսել է ընկալվել՝ որպես աղջկա գործիք։ Չնայած մինչեւ հիմա ամբողջ աշխարհում ավելի շատ տղաներն են քանոն նվագում»,- նշում է նա։
«Քանոնի հայկականը քանոնը հայերեն նվագելն է,- ասում է նա՝ նշելով․- Հայկականն էլ իր յուրահատկություններն ունի, որ ոչ մի ազգի նման չէ։ Գործիքի՝ մեր լարվածքն ուրիշ է, նրանցը՝ ուրիշ։ Կարեւորը՝ հայկականը պահել-պահպանելն է։ Տարբեր երկրներից ինձ հրավիրում են համերգների. նրանց հետաքրքրում է մե՛րը, հայկակա՛նը, ազգայի՛նը։ Ես երբեք օտարների կատարման ձեւերը չեմ ընդօրինակի, որովհետեւ մենք ունենք մերը։ Մենք այն ազգն ենք, որն ունի իր ազգային դեմքն ու ավանդույթները. Դրանք պետք է պահել-պահպանել եւ զարգացնել, ոչ թե փորձել ընդօրինակել օտարին ու փչացնել մեր ազգային արվեստի, մշակույթի դեմքը»։
«50-ը կանցնեի այնպես, ինչպես անցել եմ՝ մի բան էլ ավելի Այն, ինչ արել եմ 50 տարվա ընթացքում, չեմ զղջում։ Եթե 50 տարի հետ գնայի, նորից նույն ճանապարհը կանցնեի, բայց ավելին կանեի։ Վերջին երեք տարում ու հատկապես մեկուկես տարում հնարավոր չէր լիարժեք աշխատել, մի տեսակ ամեն ինչ կարծես արժեզրկված լինի։ Քովիդի պատճառով արտասահմանյան շատ համերգներ չեղարկվեցին։ Բայց հիմա էլ առցանց աշխատում եմ։ Արաբական Միացյալ էմիրությունների Արվեստի համալսրանաւոմ առցանց դասախոսություններ եմ կարդում եւ ծանոթացնում հայկական քանոնի կատարման առանձնահատկություններին։ Նաեւ համերգների հրավերներ ունեմ, որոնք գործնական ընթացքի մեջ են, թեեւ քովիդը շատ է խանգարում։ Պայմանավորվում ես ինչ-որ բան, բայց մեկ էլ խափանվում է։ Դասավանդում եմ, ամեն օր աշխատում եմ, համերգների ենք պատրաստվում, բայց չեմ կարողանում լիարժեք զբաղվել իմ գործով, որովհետեւ այն, ինչ կատարվում է մեր հայրենիքում, չի կարող չազդել ինձ վրա, չի կարող չցավեցնել ինձ»,- նշում է Հասմիկ Լեյլոյանը։