Հայկ Կոնջորյանը խուսափում է զինծառայությունից իր ազատման օրինականության վերաբերյալ հարցերին պատասխանելուց

0

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խուսափում է զինվորական ծառայությունից իր ազատմանն 

անդրադառնալուց։

Չնայած Կոնջորյանն ակադեմիական տարկետման իրավունք է ստացել որպես ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ, այդպես էլ գիտական ատենախոսություն չի պաշտպանել և չի ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Արդեն 2013 թվականին՝ 26 տարեկանում, Կոնջորյանը զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով՝ կիսատ թողնելով ակադեմիական ուսումնառությունը:

Ծառայությունից ազատման հիմքերի վերաբերյալ «Հետքը» մի շարք հարցեր էր ուղղել պատգամավոր Կոնջորյանին: Սակայն նա որևէ հարցի չի պատասխանել՝ հղում անելով մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությանը: Կոնջորյանը հրաժարվում է նաև այս թեմայի շրջանակում հարցազրույցից:

2018-ին, երբ ի թիվս այլ պատգամավորների, անդրադարձել էինք նաև այն ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանի՝ զինծառայությունից ազատմանը, վերջինս պատրաստակամություն էր հայտնել լրացուցիչ բուժզննում անցնելու՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Մենք հարցրել էինք՝ արդյոք ուժի մեջ է նման պատրաստակամությունը, Կոնջորյանը որեւէ պատասխան չի տվել։

Նշենք, որ մեր որոշ հարցեր առհասարակ անձնական տվյալ չէին պարունակում, մեզ հետաքրքրում էր տարբեր հարցերի վերաբերյալ նրա դիրքորոշումը:

Կոնջորյանի գործընկեր Հայկ Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց օրոք փողով կամ զանգով բանակից ազատվել են, դավաճաններ են։ Այս պնդումը ֆեյսբուքյան գրառմամբ վերահաստատել էր նաեւ ՔՊ խմբակցության ղեկավարը: Հաշվի առնելով այն, որ Հայկ Կոնջորյանը և նրա շատ թիմակիցներ զինծառայությունից ազատվել են Սեյրան Օհանյանի պաշտոնավարման շրջանում, նրան հարցրել էինք՝ հանրությունը կարո՞ղ է ողջամիտ կասկած ունենալ առ այն, որ Դուք և Ձեր գործընկերները զինծառայությունից ազատվել եք փողով, զանգով կամ փաստաթղթեր կեղծելով, և դա է պատճառը, որ տիրապետում եք նման մանրամասների։ Ինչպե՞ս կարող եք ապացուցել Ձեր` զինծառայությունից ազատման հիմքի օրինականությունը: Եվ, Ձեր կարծիքով, զինծառայությունից գումարով, զանգով կամ փաստաթղթեր կեղծելով ազատված անձինք դավաճաննե՞ր են, թե՞ ոչ:

Խնդրել էինք հայտնել նաեւ՝ արդյոք համատեղելի է իր առողջական խնդիրը զբաղեցրած պաշտոնի հետ։

Մինչ զինծառայությունից ազատվելը, ինչպես ասացինք, Հայկ Կոնջորյանն ակադեմիական տարկետում էր ստացել, սակայն գիտական ատենախոսությունն այդպես էլ կիսատ էր մնացել։ Ստացվում է` պետությունը նրա համար պայման է ստեղծել գիտությամբ զբաղվելու, սակայն նախկին ասպիրանտն օգտվել է միայն տարկետման իրավունքից` հետաձգելով զորակոչը, և այդպես էլ թեկնածուի գիտական աստիճան չի ստացել։ «Ինչո՞ւ եք կիսատ թողել Ձեր ատենախոսությունը»,- հարցրել էինք պատգամավորին:

Շարադրված բոլոր հարցերի առնչությամբ Հայկ Կոնջորյանի գրասենյակից պատասխանել են՝ պահանջվող տեղեկատվությունը վերաբերում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությանը, որը, «Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն», տեղեկատվության ազատությունը սահմանափակող դրույթ է:

Ընթերցողներին ասենք, իսկ Հայկ Կոնջորյանին հիշեցնենք, որ հանրային բարձր պաշտոն զբաղեցնողները (տվյալ պարագայում նման պաշտոն է երկրի քաղաքական մեծամասնության խմբակցության ղեկավարը) անձնական եւ ընտանեկան կյանքի պաշտպանության շատ նեղ շրջանակ ունեն, իսկ զինծառայությունից ազատվելու հարցը, որը քննարկվել է երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից, հանրային կարեւորության հարց է։ Ուստի, հանրությունն իրավունք ունի հավաստիանալ, որ խմբակցության ղեկավարը զինծառայությունից ազատվել է օրինական հիմքերով:

Աղբյուրը՝ hetq.am

Leave A Reply

Your email address will not be published.