Գիտնականները պարզել են Էբոլա տենդի նոր բռնկման պատճառը

0

Այս տարի նոր բռնկում է առաջացրել այն նույն Էբոլա վիրուսը, որը համաճարակի պատճառ էր դարձել Արեւմտյան Աֆրիկայում 2014-20515թթ.։ Դա ապացուցել է  երկու վիրուսների գենոմային համեմատությունը։ Այս մասին տեղեկացվում է Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, միջազգային փորձագետների մի մեծ խումբ կարծում է, որ երկարատեւ ժամանակի ընթացքում վիրուսը թաքուն էր մնացել նախկինում հիվանդացածների օրգանիզմում, իսկ հետո նորից ակտիվացել է։

Էբոլա վիրուսով վարակման դեպքեր գրանցվում են Արեւմտյան Աֆրիկայում 1976 թվականից, բայց ամենալուրջ բռնկումը, որը համաճարակ է համարվել, տեղի ունեցավ 2014թ. փետվարին եւ շարունակվեց մինչեւ 2015-ի դեկտեմբեր։ Այնուհետեւ երեք տարի լռություն էր, իսկ 2018թ. մայիսին մասնագետներն սկսեցին ախտորոշել նոր դեպքեր։ Եվս մեկ բռնկման գագաթնակետը եղավ 2021թ. փետրվար-հունիս ժամանակաշրջանը։ Այդ ընթացքում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Գվինեայում հիվանդացավ ավելի քան 3000 մարդ, մահացությունը գերազանցեց 65 տոկոսը։

Նոր համաճարակ առաջացրած վիրուսի աղբյուրը պարզելու համար միջազգային փորձագետների խումբը՝ բժիշկ Ալֆա Քաբինետ Քեյթի ղեկավարությամբ (Քոնակրիի համալսարանի վարակային հետազոտությունների կենտրոնից) Գվինեայում սեքվենավորեց վիրուսի 14 գենոմ՝ ստացված վերջերս հաստատված դեպքերից։ Պարզվեց, որ դրանք  գենետիկորեն նման են նախորդ բռնկման Էբոլա վիրուսի գենոմներին։

Գիտնականների խոսքով՝ այդ գենոմներում անհամեմատ ավելի քիչ են մուտացիաները, քան կարելի էր սպասել, եթե վիրուսը շարունակեր բազմանալ եւ փոխանցվել մարդուց մարդուն վերջին վեց տարում։ Հավելյալ հաստատում է հանդիսանում դրանում 2013թ. վիրուսին բնորոշ մուտացիաների առկայությունը, ինչպիսին է, օրինակ, գլիկոպրոտեինի մոդիֆիկացիան, որն արտածվում է վիրուսի մակերեսին եւ ապահովում նրա թափանցումը բջջի մեջ։

Ստացված արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ սա նույն վիրուսն է, որը երկրորդ անգամ հայտնվել է մարդու, որը վարակվել էր նախորդ համաճարակի ժամանակ, օրգանիզմում երկարատեւ թաքուն մնալուց հետո։ Գիտնականներն ընդգծել են, որ որեւէ տվյալ չկա հօգուտ այլընտրանքային հիպոթեզի այն մասին, որ նոր բռնկումն առաջ է եկել այն պատճառով, որ վիրուսը նորից կենդանիներից անցել է մարդուն։

Leave A Reply

Your email address will not be published.