«Միսս Աշխարհ Արմենիա» եւ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթների մասնակիցների մասին նկարահանվող ֆիլմի բեքսթեյջը, մրցույթի անցկացման կարգն ու մյուս մանրամասները (ֆոտոռեպորտաժ)
Սեպտեմբերի 22-ին Հայաստանը կունենա «Միսս Տիեզերք» եւ «Միսս Աշխարհ» մրցույթների նոր ներկայացուցիչներ: Այս տարի «Միսս Արմենիա» հիմնադրամի «Միսս Աշխարհ Արմենիա» եւ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցութներին մասնակցում է 20 աղջիկ, որոնք մրցույթին կներկայանան փոքր-ինչ այլ ֆորմատով: Այս օրերին Ծաղկաձորում աղջիկների մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում, որն էլ ցուցադրվելու է թագադրման օրը: Ֆիլմի ցուցադրումից հետո էլ հայտարարվելու են տվյալ մրցույթի երկու հաղթողները:
NEWS.am STYLE-ը եղել է ֆիլմի նկարահանման հրապարակում, լուսանկարել աղջիկներին ու նոր մանրամասներ պարզել մրցույթի անցկացման կարգի ու այս տարվա մասնակիցների մասին:
«Արդեն երկու տարի մշակում ենք մի ձեւաչափ, որտեղ կարող ենք ավելի շատ ներկայացնել մեր աղջիկնեիրին՝ իրենց անցյալը, նպատակները, երազանքները, ինչպես են այդ երազանքները կապում մեր մրցույթի հետ»,- նշեց «Միսս Արմենիա» համահայական մշակութային հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» Գոհար Հարությունյանինը,-«Ասեմ, որ մեր աղջիկները բավական կրթված են, կան շատերը, որոնք մեծ հաջողությունների են հասել բիզնեսում, եւ, պարզապես, ցույց տալ նրանց բեմի վրա քայլելուց, մեր կողմից սխալ կլիներ, որովհետեւ հասարակությունը չի տեսնում, թե ինչպիսի աղջիկներ են մասնակցում, ինչպիսի ներաշխարհ ունեն, որքանով են արժանի կանգնել մյուս երկրների գեղեցկուհիների կողքին եւ մրցել: Դա է պատճառը, որ մենք հիմա մեր աղջիկների մասին վավերագրական ֆիլմ ենք նկարում»,- հավելեց նա:
Գոհարի խոսքով՝ աղջիկներից յուրաքանճյուրն ունի իր հետաքրիր պատմությունը, որոնցով արդեն հասցրել են հուզել մեկը մյուսին.
«Երեկ շատ հետաքրքիր զրույցներ ենք ունեցել: Եղել է մասնակից, որը հասկացել է, որ ինքը դեռ պատրաստ չէ երկիրը ներկայացնել: Մնացածը պատրաստ են. հասկանում են պատասխանատվության ու հետմրցութային բարդությունների չափը: Կարծում եմ՝ այս տարի բեկումնային կլինի այն առումով, որ հասարակությունը կհասկանա, որ գեղեցկության մրցույթների մասնակիցները շատ նպատակասլաց, հզոր, հոսքին հակառակ գնացող եւ մեծ ապագա խոստացող աղջիկներ են»:
Անդրադառնալով աղջիկների չափանիշներին ու մարցույթների մասին տարածվող կարծրատիպերին՝ Գոհարը նշեց.
«Մենք առաջնորդվում ենք միջազգային մրցույթների չափանիշներով. «Միսս Աշխարհ»-ում չափանիշներն այլ են, «Միսս Տիեզերք»-ում՝ այլ: Երբ 2017-ին սկսում էինք մեր գործունեությունը, առաջին հարցը, որ տալիս էին, կապված էր հասակի հետ: Հիմա արդեն գիտեն, որ գեղեցկության մրցույթները ոչ հասակի, ոչ 90-60-90-ի, ոչ էլ արտաքին այլ ստնադարտների մեջ են: Մրցույթին մասնակցում են նաեւ կարճահասակ աղջիկներ, որոնք եկել են ասելու, որ կարճահասակ աղջիկն էլ կարող է գեղեցիկ եւ մրցունակ լինել: Մենք ողջունում ենք արտաքին ցանկացած տվյալներով աղջիկների: Հստակ դրված չափանիշներից է տարիքը. «Միսս Տիեզերքում» այն 18-28-ն է, «Միսս Աշխարհ»-ում՝ 17-26-ը: Նաեւ պարտադիր է, որ մասնակիցները լինեն չամուսնացած, մնացած չափանիշները ցանկալի են, բայց պարտադիր չեն, դրանք են՝ հանրային խոսքի վարպետությունը, անգլերենի իմացությունը, բեմական կեցվածքը, քայլվածքը, որոնք կարելի է սովորեցնել, եւ, իհարկե, իրենց պատմությունը, կյանքից քաղած դասերն ու ասելիքը»:
Գոհարի խոսքով՝ ժյուրիի անդամներին բարդ ընտրություն է սպասվում, քանի որ այս տարվա մասնակիցները բավական տարբեր են՝ թե´ արտաքնապես, թե´ ասելիքով.
«Մրցույթն անցնելու է երեք փուլերով: Աշխարհի տարբեր տեղերից ունենք ժյուրիի անդամներ, իսկ մեզ համար ամենակարեւոր փուլը հարցազրույցն է, որի ժամանակ աղջիկները հերթով պետք է մտնեն ժյուրիի սենյակ եւ ներկայացնեն իրենց: Ժյուրիի անդամներն իրենց որոշումը կկայացնեն ամսի 18-ին, իսկ 19-ին կգնահատեն նրանց բեմական կեցվածքը, այնուհետեւ՝ սեպտեմբերի 22-ին կունենանք կարմիր գորգ, ֆիլմի ցուցադրություն եւ թագադրում, բայց դա վերջնական ֆիլմը չի լինի, քանի որ թագադրման կադրերը եւս կավելացվեն ֆիլմի վերջնական տարբերակին»,-հավելեց նա՝ նշելով, որ այս տարվա մրցույթին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած հայուհիներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից ու Իսպանիայից:
Մրցույթի ժյուրիի անդամները 9 են: Նրանց ընտրության ու միջազգային մրցույթներում Հայաստանի հետագա հաջողությունների տեսլականի մասին խոսեց մրցույթի պրոդյուսեր Էդգար Սահակյանը.
«Պրոֆեսիոնալ ժյուրի ենք փորձել հավաքել, որովհետեւ երբ ժյուրիի կազմը պրոֆեսիոնալ չէ, նրանք միայն աղջիկների արտաքին գեղեցկությանն են ուշադրություն դարձնում, իսկ գեղեցկության մրցույթներում միայն այդ չափանիշը չէ, որ կարեւոր է: Մասնակիցը այդ մրցույթում իր պետության դեմքն է, ու մեր խնդիրն է նրան ներկայացնել իր բոլոր լավ կողմերով»,-նշեց նա՝ հավելելով,-«Հայաստանի հաջողությունը միջազգային մրցույթներում կախված է նրանից, թե ինչպես կպատրաստվենք դրանց: Մրցույթներում, սովորաբար, հաղթում են մասնակիցներ, որոնք ունենում են մեծ լսարան ու երկրպագուներ: Հայաստանը դեռ այս ոլորտի ծաղկման փուլում է, եւ մենք հույս ունենք, որ այս տարի մեծ հնարավորություններ կունենանք՝ հաշվի առնելով այն փաստը, որ PR-ի տեսանկյունից մեծ աշխատանք է տարվում: Ամեն ինչ կախված է լսարանից, երկրպագուներից, պետության ու մարդկանց աջակցությունից»:
NEWS.am STYLE-ը զրուցել է նաեւ մասնակցներից մի քանիսի հետ: Հարցազրույցները կներկայացնենք առաջիկայում: