Թաթոյանի բացահայտումները խարխլում են գերիների հարազատների և Փաշինյանի միջև ստեղծված «վստահության միջավայրը»

0

Ալեն Սիմոնյանն Ադրբեջանում մեր գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին ՄԻՊ զեկույցը համարում է «հնարված տեսարաններ»: Եթե մի օր միջազգային ատյաններում ադրբեջանցիները ստիպված լինեն պատասխան տալ այդ մեղադրանքների համար, վստահաբար արտաբերելու են նույն բառերը:

Գաղտնիք չէ, որ ՄԻՊ-ն ու իր աշխատակազմը Հայաստանում այսօր միակ արդյունավետ ինստիտուտն է, որ շուրջօրյա ռեժիմով կատարում է իր պարտականությունները և աննախադեպ իրական ժողովրդականություն է վայելում: Ավելին, եթե նույն Արմա Թաթոյանը համաձայներ մասնակցել վերջին խորհրդարանական ընտրություններին, ոչ մի մուրճ Նիկոլ Փաշինյանին ու իր քայլողների խունտային չէր օգնի: Այս բարի համբավը հանգիստ չի տալիս պոպուլիստ Փաշինյանին ու իր թիմին և սա առաջին դեպքը չէ, որ իշխանական թիմից վայրահաչում են Թաթոյանի ուղղությամբ:

Իմ խնդիրը Թաթոյանին պաշտպանելը չէ, նա ինձանից լավ է դա անում: Բայց այստեղ այլ խնդիր է նշմարվում՝ Թաթոյանի բացահայտումները խարխլում են գերիների հարազատների և Փաշինյանի միջև ստեղծված «վստահության միջավայրը»: Մինչ հիմա Փաշինյանին հաջողվում էր լռեցնել գերիների հարազատներին, որովհետև նրանց շարքերում «դաշնակիցներ» ուներ՝ մարդիկ, ովքեր պատրաստ էին ցանկացած մեկի բերանը փակել, իբր իրենց զավակներին ադրբեջանական բանտում լավ են վերաբերվում, իսկ իրենց ամսեկան փոխհատուցում են տալիս: Պատահական չէ, որ շշուկներ էին պտտվում, թե այդպես խոսողներին այլ աղբյուրներից ավելի շատ են վճարում, քան մյուս գերիների հարազատներին: Մի շատ նորբ հանգամանք կա, որ Ալեն Սիմոնյանին թույլ է տալիս նման անպատկառ հայտարարություն անել՝ ոչ մի գերի բարձրաձայն չի խոսի այն կտտանքների և անմարդկային վերաբերմունքի մասին, որոնց ենթարկվել են ադրբեջանական բանտում: Դրա մասին նրանք լռում են նույնիսկ իրենց մերձավոր հարազատների և ընկերների շրջապատում և ոչ մի գերի հրապարակային չի պատասխանի Ալեն Սիմոնյանին: Բայց համացանցը լիքն է այդ մասին վկայող տեսանյութերով, իսկ ՄԻՊ բոլոր զեկույցներն ու հայտարարությունները մինչ այժմ հիմնված են եղել անժխտելի փաստերի և ապացույցների վրա:

Պարզից էլ պարզ է, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը թելադրված է հակահայկական կենտրոնների կողմից և ունի երկակի նշանակություն՝ միջազգային հանրության մոտ ստեղծել հայաստանյան իշխանությունների վերաբերյալ տոլերանտ հաշտվողականի տպավորություն, իսկ անհնազանդ Արման Թաթոյանին հայաստանյան միջավայրում դարձնել «բոբո» և քվության նոխազ: Հեռու չէ այն օրը, երբ հերթական ալենսիմոնյանը կհայտարարի, որ գերիների հերթական խմբին չհաջողվեց վերադարձնել հայրենիք միայն այն պատճառով, որ Թաթոյանը «հորինված տեսարաններ» ներկայացրեց:

Չեմ կարող ասել, թե այս շահարկումներից ինչ կշահեն գերիներն ու նրանց հարազատները, բայց Ալեն Սիմոնյանն արդեն շահել է՝ նրա անունը լրահոսում մի քանի ժամ կլինի Արման Թաթոյանի կողքին:

Leave A Reply

Your email address will not be published.