Հասանք Ճապոնիային

0

ԵՄ իշխանությունները երեկ Հայաստանին հանել են կորոնավիրուսային համաճարակի պայմաններում թույլատրված ոչ պարտադիր ճանապարհորդությունների ցանկից: Բառացիորեն նույն ժամանակ Վահան Քերոբյանը հայտարարում էր, որ Հայաստանում իր հայտարարած զբոսաշրջային բումը ուր որ է իրականություն է դառնալու, խոսում էր մինչև տարեվերջ ևս կես միլիոն տուրիստի մասին և այլն: Ժողովրդական ասացվածքը հուշում է. ջուրը չտեսած՝ մի բոբիկացիր: Բայց սա ընդամենը վատ լուրն է, որովհետև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր հայտարարել է, որ  ԵՄ-ն դրական դիրքորոշում ունի ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ: Այսինքն Հայաստանի իշխանություններին թույլ են տվել բարձրագոչ հայտարարություններ անել, իբր իրենց ծրագիրը «վերջն ա», բայց մյուս կողմից բյուջեի մուտքերի մի զգալի մասի վրա անուղղակի սանկցիաներ են կիրառում:

Հայաստանում խայտառակ տնտեսակա վիճակ է՝ առողջապահական պետպատվերը փաստացի դադարեցվել է, կենսաթոշակների և նպաստների վճարման համար կանխիկ միջոցներ չկան, գնաճն անկառավարելի է դարձել: Մթերումների սեզոնի սկզբից արդեն կարելի է ասել, որ ձախողվել է, որովհետև վերամշակող ընկերությունները վճարունակ չեն: Անցյալ տարի Նիկոլ Փաշինյանը ֆերմերներին հորդորեց որքան հնարավոր է շատ ցանք կատարել, բայց կառավարությունը չկարողացավ ապահովել արտահանումը, բերքի մեծ մասը մնաց երկրում ու կրկին ամբողջ ծանրությունը դրվեց վերամշակող ընկերությունների ուսերին: Արդեն այն ժամանակ պարզ էր, որ այդ ընկերությունները ռիսկային ներդրում են կատարում և այս տարի նույնն անել չեն կարողանալու: Բայս սա Հայաստանն է, այստեղ տնտեսությունը ղեկավարվում է ոչ թե հաշվարկներով, այլ կենաց-բաժակաճառերով: Փաշինյանը ստիպված է լինելու վարչահրամայական լծակներ կիրառել, քրեական հետապնդումներ սկսել: Նրա համար իր պոպուլիզմն ավելի կարևոր է, քան երկրի տնտեսական պոտենցիալը: Եկեք հիշենք, թե ինչերի՞ վրա է բյուջեից փողեր ծախսվում՝ պարգևավճարներ, պարեկային ծառայություն, օտարերկրացիներին Հյուսիսային պողոտայում անվճար պատվաստումներ, անկախության օրվա առթիվ «գունագեղ» տոնակատարություն և այլն: Սրանք այն «մանր-մունր» միլիոններն ու միլիարդներն էին, որ այսօր պետք էին առողջապահության պետպատվերի, կորոնավիրուսի դեմ գործուն միջոցառումների համար:

Հարց է ծագում՝ ԵՄ-ն, կառավարության ծրագիրը դրական գնահատելիս, ի՞նչը նկատի ունի: Այն, որ ծրագրում ուղղակի հետաքրքիր բաներ են գրվա՞ծ:

Հ.Գ.

Վերջում ևս մի լավ լուր՝ ԵՄ-ն ոչ պարտադիր ճանապարհորդությունների ցանկից նաև Ճապոնիան է հանել: Վերջապես հասանք Ճապոնիային:

Leave A Reply

Your email address will not be published.