«Երանի» սերիալից հայտնի Մհեր Գեւորգյանը՝ երկար ժամանակ չնկարահանվելու ու «Արյունոտ խաղադրույք»-ով վերադառնալու մասին (ֆոտո)

0

«Երանի» հեռուստասերիալից հայտնի դերասան Մհեր Գեւորգյանը, էկրանային երկարատեւ դադարից հետո, վերադառնում է կինո: NEWS.am STYLE-ը դերասանին հանդիպել է «Արյունոտ խաղադրույք»՝ 20 մասից բաղկացած նոր սերիալի նկարահանման հրապարակում եւ հետաքրքրվել՝ ինչպես է տեւական դադարից հետո ընդունել նկարահանման առաջարկն ու ինչով էր զբաղված այս տարիների ընթացքում:

«Ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացել եմ ֆիլմի անձնակազմի անդամներից մեկից, եւ մեծ սիրով ընդունել եմ այն, քանի որ վաղուց չէի նկարահանվել ու, անկեղծ ասած, սպասում էի նման առաջարկի: Մասնակցեցի քասթինգին, ընտրվեցի դերի համար ու մեծ հաճույքով անցա աշխատանքի»,-պատմեց նա՝ նշելով, որ էկրանային դադարը պայմանավորված էր իր հիմնական մասնագիտությամբ աշխատելով.

«Ես մասնագիտությամբ ատամնաբույժ եմ, աշխատում էի այդ բնագավառում, սակայն ավելի ուշ հասկացա, որ մարդ պետք է զբաղվի նրանով, ինչն իրեն հոգեհարազատ է, ինչ իրեն դուր է գալիս: Իսկ ինձ հոգեհարազատ է հենց այս աշխատանքը: Ատամնաբուժությամբ այս պահին չեմ զբաղվում: Աշխատում եմ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, նաեւ համատեղում եմ այս նախագծի նկարահանումները»:

Դերասանը խոստովանեց, որ երկար չնկարահանվելը հետք թողել էր իր խաղի վրա, ու ինչ-որ ժամանակ է պահանջվել, որ ավելի բաց լինի նկարահանման հրապարակում.

«Սկզբում մի փոքր փակ էի, քանի որ վաղուց չէի նկարահանվել, չնայած՝ շարունակում էի նկարահանվել գովազդներում, տարբեր տեսահոլովակներում: Հիմա կամաց-կամաց վերադառնում եմ հունի մեջ, կարծում եմ՝ քայլ առ քայլ ավելի մեծ աճ կունենամ»,-հավելեց նա:

Իր կերպարի մասին Մհերը շատ բացահայտումներ չցանկացավ անել, բայց նշեց, որ այն իրեն հոգեհարազատ է դարձել.

«Կերպարիս մասին շատ բան չեմ կարող պատմել, բայց նա դրական հերոս է, լավ մարդ, որն արդարության կողմնակից է: Մարմնավորում եմ անվտանգության աշխատակցի, որը թիմում նոր է, ու հասկանում է, որ դա այնքան էլ իր տեղը չէ: Հետագա զարգացումներն ավելի բացում են կերպարը: Թե նախկինում մարմնավորած կերպարս, թե այս մեկն ունեն իրենց հետաքրքրությունը, բայց կարծում եմ՝ այս հերոսն ինձ ավելի մոտ է, ու ինձ ավելի հեշտ է տրվում նրան մարմնավորելը»,-ասաց նա՝ հավելելով, որ նախագծից հետո էլ բաց կլինի նկարահանման մյուս առաջարկների համար:

«Արյունոտ խաղադրույք» սերիալի ռեժիսորը Հարություն Շատյանն է: Նախագծում նկարահանվում են նաեւ Գեւորգ Գրիգորյանը, Էմմա Սապունջյանը, Կարեն Հովհաննիսյանը, Մարիկա Դովլաթբեկյանը, Էվա Խաչատրյանը, Լիա Զախարյանը, Գոռ Համբարձումյանը, Սեյրան Մովսիսյանը, Մարգան, Մագա Հարությունյանը, Արմեն Սողոյանը եւ այլք: Հեռուստասերիալը կհեռարձակվի Արմենիա Պրեմիումի եթերում:

Leave A Reply

Your email address will not be published.