Կորոնավիրուսով վարակվածներից ծանր և ծայրահեղ վիճակում գտնվում է մոտ 700 բուժառու․ Անահիտ Ավանեսյան

0

Երեկ արձանագրվել է կորոնավիրուսի 522 դրական դեպք, իրականացվել է 6383 թեստավորում, գրանցվել է 11 մահ։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ունենք 14 բժշկական կենտրոն, որ սպասարկում են «քովիդ» պացիենտների, ծավալել ենք 1500 մահճակալ, որից 1143–ը զբաղված են»,–ասաց նա և նշեց, որ ծանր և ծայրահեղ վիճակում գտնվում  է մոտ 700 պացիենտ, ինչը մտահոգիչ է։;

«Այս պահին ակտիվ կերպով շրջանառվում է դելտա շտամը, որը բարձր վարակելիության աստիճան ունի և հիվանդացության ավելի ծանր ընթացք։ Մենք ունենք երիտասարդ պացիենտներ, որոնք որևէ ուղեկցվող հիվանդություն չունենալու պարագայում ներկայումս ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում, և մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,–ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ երեկ իրականացրել են 7114 պատվաստում, ընդհանուր առմամբ, 267 504 պատվաստում են իրականացրել և բավական ակտիվություն ունեն, որոշ պոլիկլինիկաներում հերթեր են գոյանում։

Նա նկատեց, որ դիմակների կրման ռեժիմի ավելի ակնհայտ կիրառում ունեն։ «Մենք պատրաստ ենք ծավալել մինչև 2700 մահճակալ, սա մեծ լարվածություն է առաջացնում, ընդհանուր առմամբ, առողջապահական համակարգում, քանի որ աշնան սեզոնը հիվանդությունների աճով է աչքի ընկնում»,–ասաց նա։

Առողջապահության նախարարը նշեց, որ միայն «Սպուտնիկ V»–ի մատակարարման որոշակի հապաղումներ կան, բայց հույս հայտնեց, որ մյուս շաբաթ երկրորդ դեղաչափը կստանան։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերահսկողությունը պահպանել։

Leave A Reply

Your email address will not be published.