Կարիքից ելնելով Սյունիքի մարզի տարբեր համայնքներին տրամադրվել է բազմաթիվ գյուղտեխնիկա. Արման Խոջոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն օգոստոսի 24-ին մասնակցել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին, որը վարում էր աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիստի ընթացքում աշխատանքային խումբը քննարկել է Սյունիքի մարզի առավել հրատապ և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, նախկինում իրականացված և ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
«Միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում կարիքից ելնելով մարզի տարբեր համայնքներին տրամադրվել է բազմաթիվ գյուղտեխնիկա։ Մի քանի օր առաջ Գորայք համայնքին տրամադրվեց կոմբայն, որը բերքահավաքի շրջանում էապես կնպաստի բերքի կորուստների նվազեցմանը։ Համայնքում նման գյուղտեխնիկայի առկայությունն ուղղակի անհրաժեշտություն էր», — նշել է Արման Խոջոյանը։
Միաժամանակ Էկոնոմիկայի փոխնախարարն հավելել է, որ գյուղատնտեսական սեզոնայնությունից ելնելով՝ Գորայք համայնքի կարիքները բավարարելուց հետո կոմբայնը հնարավոր կլինի որպես ծառայություն տրամադրել նաև հարևան համայնքներին։ Ամփոփելով ընթացիկ նիստի արդյունքները՝ ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ աշխատանքային խումբը տարբեր ոլորտներին ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, որոնց հիմնական շեշտը գյուղատնտեսության ոլորտն է։
«Աշխատանքային խումբը շատ արդյունավետ և օպերատիվ է գործում՝ վեր հանելով, համադրելով և վերլուծելով բոլոր խնդիրները, բոլոր ծրագրերը հասնում են իրենց տրամաբանական ավարտին», — նշել է ՀՀ վարչապետի խորհրդականը։
Անդրադառնալով սահմանամերձ համայնքներին գյուղտեխիկայի տրամադրման գործընացին՝ աշխատանքային խմբի ղեկավարն ընդգծել է, որ համայնքներին փոքր գյուղտեխնիկայի տրամադրումը գյուղատնտեսական աջակցության առաջին փուլն էր, արդեն ընթացքում է միջին գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը։ Նույնը օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գորիսում այցելել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Էլոլա» ՍՊԸ՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի «Արժեշղթաների զարգացում» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհով վերազինված կաթի վերամշակման արտադրամաս։ Ընկերության տնօրեն Հարություն Ծատրյանի ուղեկցությամբ փոխնախարարը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրական հզորություններին, ներդրված սարքավորումներին, հետևել կաթնամթերքի արտադրության ընթացքին։