«Ալաշկերտը» մեծ դժվարությամբ հաղթեց 9 հոգով մնացած «Կայրաթին»

0

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Երևանում ընդունել էր ղազախական «Կայրաթին»։ Հիշեցնենք՝ այս թիմերի առաջին հանդիպումը Ղազախստանում ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով:

Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-1 էր: Խաղի 43-րդ րոպեին հաշիվը բացել է Ժոզե Էմբալոն, իսկ խաղակեսի ավելացված րոպեին հյուրերը Աբիկենի հարվածից հետո հավասարեցրել են այն:

Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվել են ևս մեկական գնդակով: Նախ նորից աչքի է ընկել Էմբալոն, հյուրերից 61-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Շուշենաչևը: Դրանից մեկ րոպե անց Պոլյակովը ստացել է կարմիր քարտ, և «Կայրաթը» մնացել է 10 հոգով: Այնուամենայնիվ, երևանցիները չեն կարողացել իրացնել խաղացողների թվային առավելությունը: Խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ: Այս հատվածում «Կայրաթը» ևս մեկ կարմիր քարտ է ստացել և մնացել է 9 հոգով: Իսկ հաղթական գնդակը խաղի 103-րդ րոպեին խփել է Գլիշիչը:

Այսպիսով «Ալաշկերտը» ձեռք բերեց ԵԼ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, և թիմի հաջորդ մրցակիցը կլինի Սթիվեն Ջերարդի գլխավորած հանրահայտ «Գլազգո Ռեյնջերսը»։

Leave A Reply

Your email address will not be published.