ՌՀՄ մեկնաբանությունը՝ «Абрикос NEWS» տելեգրամյան ալիքի՝ հանրությանը մոլորեցնող «աղմկահարույց» հրապարակումների վերաբերյալ

0

ՌՀՄ մամուլի ծառայության մեկնաբանությունը «Абрикос NEWS» տելեգրամյան ալիքի՝ հանրությանը մոլորեցնող, «աղմկահարույց» հրապարակումների վերաբերյալ

?

Վերջին շրջանում լայն տարածում գտած՝ ընթերցողին մոլորության մեջ գցող, մակերեսային, «սենսացիոն» գրառումներով հանդես եկող և, որպես կանոն, անհայտ անձանց պատկանող Telegram-ալիքների շարքում է նաև «Абрикос NEWS»-ը:

?

Հետևելով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի անկախ վարքագծին և, ըստ երևույթին, նախանձով արձանագրելով, որ նա, ի տարբերություն այս և նմանատիպ տեղեկատվական ալիքների հեղինակի և այլ անհատների, մշտապես բաց և հրապարակային արտահայտել և արտահայտում է իր կարծիքը, սույն ալիքի անանուն հեղինակը, պարբերաբար, ՌՀՄ-ն պիտակավորելու անհաջող փորձեր է անում:

?

«Абрикос NEWS»-ը որպես բացթողում է ներկայացնում Ռուսաստանի հայերի միության անունից ՀՀ ընտրված առաջնորդին՝ Ն.Փաշինյանին ուղղված շնորհավորանքը և Աննա Հակոբյանի հետ ՌՀՄ անդամ Արտյոմ Վարդանյանի անձնական հանդիպումը:.Նշյալ ՏԱ-ի հեղինակն ու մի շարք այլ «բազմոցային վերլուծաբաններ», ապատեղեկատվություն տարածելուց և ՌՀՄ հաշվին ինքնահաստատվելուց առաջ, նախ պետք է կարդան շնորհավորանքի տեքստը, որը հստակ արտահայտում է կազմակերպության այն դիրքորոշումը, որ համազգային խնդիրների կարգավորման հարցերում նոր կառավարությունը պարտավոր է առաջնորդվել բացառապես հայ ժողովրդի և Հայաստանի շահերով:

?

Երկրորդ՝ Ռուսաստանի հայերի միությունը, որպես սփյուռքի խոշորագույն կազմակերպություն, որն ունի տարածաշրջանային լայն ցանց Ռուսաստանի Դաշնության ավելի քան վեց հարյուր քաղաքներում, ներկայացուցչություններ Հայաստանում և Արցախում, հայկական պետականությանը վերաբերող հարցերում, առաջնորդվում է ոչ թե անձնական համակրանքով կամ հակակրանքով, այլ քաղաքակիրթ աշխարհում ընդունված արարողակարգային նորմերով:

?

ՌՀՄ-ն պաշտոնական շնորհավորանքներ է հղել Հայաստանի և Արցախի բոլոր ընտրված ղեկավարներին՝ առանց բացառության: Պետության ղեկին այս կամ այն անձի լինելը չի կարող պատճառ դառնալ, որպեսզի Ռուսաստանի հայերի միությունը խուսափի կյանքի կոչել Հայաստանի և Արցախի բնակչությանն աջակցելուն, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը, սփյուռքի հետ կապերի բարելավմանն ուղղված բազմաթիվ նախագծերը:

?

Սփյուռքի բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն որևէ կերպ նպաստելու Հայաստանի քաղաքացիների բարեկեցությանը, պարտավոր են առաջնորդվել հենց այս սկզբունքով: Պետք չէ նմանվել անանուն «վերլուծաբաններին», որոնք ոչինչ չեն արել հանուն Հայրենիքի, փոխարենը փորձում են հանրության ուշադրությունը գրավել կեղծ սենսացիաներով:

?

Հարկ է նշել, որ նման տեղեկատվական ռեսուրսներն ու դրանց հովանավորները, խաղալով Հայաստանի թշնամիների դիրքերից, վերջին տարիներին անընդհատ ցեխ են շփել ՌՀՄ-ի վրա, այսպես կոչված հեղափոխության, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ կազմակերպության համարձակ, հրապարակային հայտարարությունների և դիրքորոշման համար: Եվ սա այն դեպքում, երբ ՌՀՄ-ն բազմիցս բացահայտ զգուշացրել է հնարավոր վտանգերի մասին, իսկ պատերազմի առաջին օրերից օգնություն է հասցրել Արցախ:

?

Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի հետ Արտյոմ Վարդանյանի հանդիպմանը, ապա, ՌՀՄ բազմաթիվ ներկայացուցիչներ հանդիպել և հանդիպում են Հայաստանի տարբեր կառույցների ղեկավարների հետ` քննարկելու հանրային նշանակության բազմաթիվ հրատապ հարցեր, այդ թվում` բարեգործական: Աննա Հակոբյանի կողմից իր էջում գովազդված հանդիպումը բարեգործական հիմնադրամի գործունեությանն առնչվող մասնավոր նախաձեռնություն էր:

?

Անանուն Telegram-ալիքներն ու ՌՀՄ մյուս «քննադատներն» ավելի լավ է հետևեն Ռուսաստանի հայերի միության օրինակին (որը երկու տասնամյակից ավելի հսկայածավալ անշահախնդիր աշխատանք է կատարում. իրականացնում է նախագծեր, օգնում հայրենակիցներին, փրկում մարդկանց, ուսանողական կրթաթոշակներ է տրամադրում և այլն)՝ զբաղվեն հանրության համար օգտակար գործով և զերծ մնան ընթերցողին մոլորեցնող, ակընհայտ կեղծ ու պատվիրված տեղեկատվություն տարածելուց:

Leave A Reply

Your email address will not be published.