Ճամբարափոխներ, նորեկներ, լրագրողներ, նախկին նախարարներ և պատգամավորներ․ ովքեր կներկայացնեն նոր Ազգային ժողովը

0

«Հայաստան» դաշինքի պատգամավորները խորհրդարան կմտնեն առանց իրենց առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի։ Դաշինքի ինքնաբացարկ հայտարարած մյուս երկու թեկնածուները հանրությանը շատ հայտնի չեն։ Մանդատից հրաժարվել են ԵՊՀ եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետի դասախոս Մարիաննա Եփրեմյանը եւ ֆինանսական իրավունքի խորհրդատու Ալեքսանդր Խաչատուրյանը, որը եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը։

Այս ինքնաբացարկների արդյունքում խորհրդարան կանցնեն նաեւ ցուցակի 29, 30 եւ 31 համարները՝  գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը, լրագրող Արեգնազ Մանուկյանը եւ 44–օրյա պատերազմում որդուն կորցրած, լրագրող, հասարակական գործիչ Գեղամ Նազարյանը։

Ընդդիմադիր դաշինքի 29 հոգանոց կազմից 10-ը դաշնակցականներ են, վեցը՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ, որոնցից երկուսը՝ Մեղրիի քաղաքաօետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի Քաղաքապետ Արթուր Սարգսյանը կալանավորված են։ Քրեական գործ կա հարուցված նաև «Վերածնվող Հայաստանի» մեկ այլ անդամի՝ Գորիսի կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ, որը ևս մեկ ինքնաբացարկի դեպքում նույնպես մանդատ կստանա։

Ընտրողներին ուղղորդելու մեղադրանքով կալանավորված եւ գրավի դիմաց ազատ արձակված վիրաբույժ Արմեն Չարչյանը հայտարարել է, որ կվերցնի մանդատը։

Դաշինքի կազմում կան նախորդ գումարումների խորհրդարաններում աշխատանքի փորձ ունեցողներ՝ Արմեն Ռուստամյան, Լիլիթ Գալստյան, Արմենուհի Կյուրեղյան, Գեղամ Մանուկյան, Աղվան Վարդանյան և նախկին նախարարներ՝ Արմեն Գևորգյան, Սեյրան Օհանյան, Արծվիկ Մինասյան։ Ազգային ժողովում դաշինքը կունենա լրագրողական հանրույթի հինգ  ներկայացուցիչ, այդ թվում՝ 5–րդ ալիքի նախկին հաղորդավար Ագնեսա Խամոյանը։

«Պատիվ ունեմ» դաշինքում 4-ը Հանրապետական են, երկուսը «Հայրենիք» կուսակցությունից, իսկ մեկն անկուսակցական է։ Դաշինքից խորհրդարան են անցնում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Աննա Մկրտչյանը, ԱԺ նախկին փոխնախագահ, Վերահսկիչ պալատի նախկին պետ Իշխան Զաքարյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը, լրագրող, նախորդ գումարման խորհրդարանում «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Երկու ընդդիմադիր դաշինքներից էլ դեռևս չեն պատասխանում, թե ովքեր կստանձնեն խմբակցության ղեկավարի և քարտուղարի պաշտոնները։

Հայտնի է, որ մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության ղեկավարը կլինի երեք կուսակցության փոխած եւ ՔՊ–ում հանգրվանած  Հայկ Կոնջորյանը, խմբակցության քարտուղար՝ Նազելի Բաղդասարյանը։

ՔՊ–ի պատգամավորների կեսը ծանոթ կլինեն նախորդ գումարումից։

Կոնջորյանը «Քաղաքացիական պայմանագրի» աթոռները զբաղեցնողներից միակը չի լինի,  որը կկրի ճամբարափոխի խարանը։ Երկու անգամ ՀՀկ ցուցակով խորհրդարան անցած Շիրակ Թորոսյանը 2018-ին միացավ Փաշինյանի թիմին, իսկ ժամանակին Գագիկ Ծառուկյանին ներբողներ ձոնող եւ նրան հավատարմության ղազագիր գրած, նախկին ԲՀԿ–ական Սերգեյ Բագրատյանը նույնպես ՔՊ պատգամավոր է։

Գործադիրից օրենսդիր են տեղափոխվում վարչապետի աշխատակազմի նախկին երկու ղեկավարները՝ Էդուարդ Աղաջանյանը և Արսեն Թորոսյանը, նաեւ լրագրողին բռունցքով հարվածած Հակոբ Արշակյանը և նախկին սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը։

ՔՊ–ամենահարուստ պատգամավորները գործարար Խաչատուր Սուքիասյանն ու  Գուրգեն Արսենյանն են, իսկ Վիգեն Խաչատրյանն ու Գագիկ Մելքոնյանը սերտորեն համագործակցել նախկին իշխանությունների հետ։

Ինքնաբացարկների արդյունքում կարող է մանդատ ստանալ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, որի անունը կապված է ծեծկռտուքների մի քանի պատմության հետ։

Նոր Ազգային ժողովի նախագահը կլինի Ալեն Սիմոնյանը, փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը և Ռուբեն Ռուբինյանը։

Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվել է մանդատից։ Ըստ լրատվամիջոցների՝ Փաշինյանը նրան փորձում է համոզել ստանձնել Արտաքին գործերի նախարարի պաշտոնը, բայց առայժմ՝ ապարդյուն։

Leave A Reply

Your email address will not be published.