«Հարսանիքը կլինի հաջորդ տարի». Իջինը՝ սիրելիի հետ ծանոթության, նրան գաղտնի պահելու ու նրա «հեքիաթային» առաջարկության մասին (ֆոտո)

0

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինն օրերս հետեւորդներին հայտնեց, որ իր սիրտն այեւս զբաղված է: Երգչուհու սիրելին նրան ռոմանտիկ առաջարկություն է արել Հունաստանում: Թեեւ Իջինը չի ցանկանում հանրային դարձնել իր անձնական կյանքը ու ցուցադրել սիրելիին, NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա, այնուամենայնիվ, որոշ մանրամասներ բացահայտել է իրենց հանդիպումից ու նշանադրության գեղեցիկ արարողությունից:

Իջինի ընտրյալն ազգությամբ հայ չէ՝ Նիդերլանդներից է, ունի նաեւ իսպանական արմատներ: Երգչուհին նշեց, որ նա 27-ամյա գործարար է ու կատակով հավելեց՝ «Փառք Աստծո՝ ոչ մի կապ չունի շոու-բիզնեսի հետ»:

Իջինն ու ընտրյալը ծանոթացել են Դուբայում. «Մենք արդեն մոտ մեկ տարի է, ինչ հանդիպում ենք. ծանոթացել ենք ծովափին: Նա այնտեղ եկել էր Նիդերլանդներից, ես էլ՝ Ռուսաստանից: Հենց առաջին օրը, երբ մենք ծանոթացանք, հեռախոսիս մեջ նրա անունը գրանցեցի՝ «Mr Perfect» (ՊարոնԿատարյալ): Հետաքրքիր է, որ մեկ տարի առաջ կազմել էի ցանկություններիս ցանկը, որտեղ մանրամասն նկարագրել էի, թե ինչպիսի տղամարդու եմ ցանկանում հանդիպել: Աստված ինձ այնպիսի տամարդ տվեց, որի մեջ ամփոփված է այն ամենը, ինչի մասին ես գրել եմ՝ անգամ ավելին: Այս ամիսների ընթացքում, որ մենք հանդիպում էինք, ես մի կաթիլ արցունք չեմ թափել, ոչ մի վայրկյան չեմ տխրել: Դեմքիս միայն ժպիտ է թողնում, հոգ է տանում իմ մասին: Նրա հարգանքն ու սերը փոխել են տղամարդուր մասին իմ պատկերացումները: Ամեն ինչ մաքուր է՝ առանց խաղերի ու կեղծիքի»:

Անդրադառնալով սիրելիի անակնկալ առաջարկությանը՝ երգչուհին պատմեց, որ ամեն բան հեքիաթ է հիշեցրել.

«Նա անակնկալ ճանապարհորդություն էր կազմակերպել դեպի Հունաստան: Մենք գնացինք Աթենք, հետո՝ Սանտորինի, որտեղ նա ամեն ինչ իրականացրեց մասնավոր զբոսանավի վրա: Մենք կանգ առանք ծովի մեջտեղում՝ մի շատ գեղեցիկ ծովափի մոտակայքում, ու նա հենց այդ տեսարանի շուրջ էլ արեց առաջարկությունը: Ամեն ինչ այնքան հեքիաթային էր…»:

Հարցին՝ ինչո՞ւ նշանադրության մասին բարձրաձայնելուց հետո էլ չի հրապարակում սիրելիի հետ համատեղ լուսանկար, Իջինը նշեց.

«Ես բացարձակ դեմ եմ անձնականս հանրային դարձնել, այն մարդկանցից չեմ, որոնց դուր է գալիս, երբ ուրիշները փորփրում են իրենց անձնականը, հետաքրքրվում դրանով: Նա այս հարցում ինձ հետ համակարծիք է: Ես իմ անձնականից սենսացիա չեմ ստեղծում ու դա PR-ի չեմ վերածում, իսկ այն, ինչ ինձ համար շատ թանկ է, նախընտրում եմ չցուցադրել: Բացի այդ, նա այնքան հմայիչ է, բա որ աչքով տա՞ն (ծիծաղում է)»:

Ինչ վերաբերում է առաջիկա հարսանիքին՝ ինչպես ասում են՝ այն սարերի հետեւում չէ.

«Հարսանիքի արարողությունը ծրագրում ենք հաջորդ տարի, իսկ թե որտեղ ու երբ՝ դեռ չենք որոշել: Քանի որ ես շատ փակ մարդ եմ, իմ հարսանիքն էլ այդպիսին կլինի՝ միայն մտերիմ մարդիկ ու քիչ աղմուկ»:

Leave A Reply

Your email address will not be published.