ՀԷԿ-երը խմեցին երկրի ջուրը
Հայաստանում միշտ էլ ոռոգման ջրի խնդիր եղել է հիմնականում ռեսուրսների սխալ կառավարման պատճառով: Հիմա դա առավել ակնհայտ է, որովհետև ոչ միայն ջրային, այլև բոլոր ոլորտներն են սխալ կառավարվում կամ ամենևին չեն կառավարվում: Սակավաջրության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվում: Տարածքային կառավարման նախարարի ԺՊ Պապիկյանը հայտարարել է, որ տարբեր ուղղություններով սպասարկող հանդիսացող գետերի ջրատվությունը մոտ 80 տոկոսով պակասել է, բայց չի ասել, թե ինչու: Այդ բազմաթիվ ինչուներից մեկին ենք ցանկանում անդրադառնալ:
Խոսքը ՓՀԷԿ-երի մասին է: Դրանք վերջին տարիներին սնկի պես բսնեցին գրեթե բոլոր գետերի և ջրամբարտակների մոտ: Դա կատարվեց և շարունակում է լինել ամենավայրի շահագորշման եղանակով, որովհետև լեռնային գետակները սնուցող աղբյուրները հատուկ տեխնիկայի միջոցով այնքան բացվեցին, որ տարեկան ջրատվությունն արագ սպառվում է: Ստացվել է այնպես, որ մի քանի շաբաթ կամ մեկ-երկու ամիս էլեկտրաէներգիա ստանալու համար ամբողջ տարվա ջուրը սպառվում է: Դա լինում է գարնան ամիսներին, երբ ոռոգման խնդիրն այդքան էլ սուր չէ կամ ոլորովին չկա: Իսկ հիմա, երբ այդ ջուրը կենսական անհրաժեշտություն է, աղբյուրներն արդեն ցամաքել են: Նմանատիպ խնդիր է նաև արհեստական ջրամբարների դեպքում: Քիչ ջրամբարներ կան, որ կառուցվել են հատուկ հիդրոէլեկտրակայանների համար: Հայաստանի դրեթե բոլոր ջրամբարները ոռոգման նպատակով ջուր կուտակելու համար են կառուցվել, բայց հիմա գրեթե բոլորի մոտ ՓՀԷԿ-եր են կառուցված և կուտակված ջուրը բացառապես ոռոգման նպատակով օգտագործելու փոխարեն օգտագործվում է այդ կայաններն աշխատացնելու համար:
ՄԵր կառավարությունը սակավաջրության կանխարգելման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մասին հիշել է միայն այն ժամանակ, երբ գյուղատնտեսական հողերը չորացել են, բերքը փչացել է՝ բերելով սոցիալական լրջագույն խնդրի: Գրեթե վստահ եմ, որ կառավարությունում նախնական հաշվարկներ չեն եղել, իսկ եթե ինչ-որ հաշվարկ էլ եղել է, ապա դրան լուրջ չեն վերաբերվել, որովհետև չկան պրոֆեսիոնալ կառավարիչներ, չկա համապատասխան առաջնահերթության զգացում: Հիմա մեր կառավարությանն ավելի շատ հուզում է Սյունիքի համայնքապետերի հետ հաշվեհարդար տեսնելը, նոր պարեկային ոստիկանության փիառը և ադրբեջանցիներին խոստացած զիջումները գլուխ բերելը: Բնապահպան գրանտակերներին այս խնդիրներն այլևս չեն հետաքրքրում և կարելի է բավարարվել զուտ ցեխոտ արագիլներով: Բնապահպանից պատգամավոր դարձածներին էլ իրանց ընտրողն հետաքրքիր չեն, նրաց խնդիրներն արդեն կարելի է անտեսել՝ թող խոստումներով ապրեն նիկոլական ապագայում: