ՊԵԿ-ը հայտնաբերել է «α-PVP» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգված

0

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը.«Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները և արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հսկողություն են իրականացրել «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում: Արդյունքում Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբեվել է 280 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոցի կապտավուն բյուրեղանման զանգված: Այն թաքցված է եղել առաքանու իրերի մեջ:Դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները, մասնավորապես` «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը: Արդյունքում Երևան քաղաքում գտնվող «ՀայՓոստ»-ի սպասարկման կենտրոնից «α-PVP» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո հայտնաբերվել  և բերման են ենթարկվել առաքանին ստացող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Ա.Վ-ն: Նրանք ՊԵԿ Քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են:Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների համաձայն մայրաքաղաքում գտնվող մի շարք հասցեներում իրականացվել են խուզարկություններ: Արդյունքում հայտնաբերված առարկաները տրամադրվել են ՊԵԿ Քննչական վարչությանը` հարուցված քրեական գործի լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave A Reply

Your email address will not be published.