Հակառակորդը կրակել է Վերին Շորժայի հայ դիրքապահների ուղղությամբ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։
«Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են»,- հայտնում են ՊՆ-ից:
Ինչպես ավելի վաղ նշել էր ArmLur.am-ը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, երկու կողմերի միջեւ եղել է վիճաբանություն, միմյանց քաշքշել են, ինչի հետևանքով հակառակորդի զինծառայողներից մեկը մահացու վիրավորում է հասցրել մեր զինծառայողներից մեկին՝ վնասելով վերջինիս թոքը:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ Պաշտպանության նախարարություն, որտեղից մեզ ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրությանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վերին Շորժա բնակավայրի հատվածում հայ զինվորականները երկու դիրք առաջ էին գնացել: