Լավրովը կոչ է արել չքաղաքականացնել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաարգելափակումը

0

Ավելի հեշտ է լուծել քաղաքական հարցերը, երբ մարդիկ նորմալ են ապրում: Այս մասին Երեւանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաարգելափակման մասին հարցին:

«Խաղաղ գործընթացը, որը սկսվել է նոյեմբերի 9-ից, որի նպատակն էր դադարեցնել պատերազմն ու անցնել խաղաղապահ օպերացիայի եւ բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակմանը, արդեն գրեթե կես տարի է՝ իրականացվում է: Այդ պատճառով խոսել խաղաղ գործընթացի անցնելու մասին իրականության խեղաթյուրում է: Դուք նշեցիք եռակողմ խմբի մասին, եւ իմ գործընկերը դրա մասին խոսեց, այն զբաղվում է այն հարցերի լուծմամբ, որոնք ուղիղ կապ ունեն խաղաղ գործընթացի հետ: Երբ մարդիկ ազատվեն շրջափակումից ու էմբարգոյից, այդ ժամանակ կանցնեն այն առավելություններից օգուտ քաղելուն, որոնք ներկայացնում է այդ եւ՛ ռազմավարական, եւ՛ աշխարհքաղաքական, եւ՛ աշխարհտնտեսական առումով կարեւոր տարածաշրջանը: Մեր ջանքերով հրադադար սահմանվեց եւ խաղաղապահ զորախումբ տեղակայվեց, ինչի մասին պայմանավորվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը: Եվ ես համոզված եմ, որ երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի օգուտները, նրանք կսկսեն արդեն այլ կերպ վերաբերվել հարցերին, որոնք այժմ մեր որոշ գործընկերներ փորձում են առաջին պլան մղել: Պետք չէ այժմ քաղաքականացնել գործընթացը: Այն բավական բարդ է: Նրանք, ովքեր փորձում են այդ հարցերը թողնել հետոյի եւ առաջին հերթին զբաղվել քաղաքական հարցերով, իմ կարծիքով, ամբողջ գործընթացը ոտքից գլուխ շրջում են: Ավելի հեշտ է լուծել քաղաքական հարցերը, երբ մարդիկ նորմալ են ապրում, հողի վրա, որտեղ եւ՛ ադրբեջանցիները, եւ՛ հայերը շատ տասնամյակներ եւ հարյուրամյակներ կողք կողքի ապրել են»,-ասաց ՌԴ արտգործնախարարը: 

Leave A Reply

Your email address will not be published.