Ոչինչ, քո ետևից էլ կգան
Լրահոսում տարածվել է Արենի համայնքի ավագանու անդամ Անուշավան Ավետիսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցաց միջադեպի մասին տեղեկատվությունը, որի ընթացքում ավագանու անդամը փորձել է վարչապետին տեղեկացնել, որ նրա կողմից նշանակված մարզային չինովնիկները կոռումպացված են: Արտառոցը ոչ թե այն է, որ Փաշինյանի նշանակած կադրերը կոռումպացված են, այլ այն, թե ինչպե՞ս է դրան արձագանքում Փաշինյանը:
Դե ուրեմն կարդացեք Ավետիսյանի խոսքերից մեջբերումը. «Նա ինձ ասաց՝ Դուք մտածում եք, որ ես կոռումպացվա՞ծ եմ։ Ասացի՝ ոչ, ես այդպես չեմ մտածում, այլ կարծում եմ, որ Դուք տեղյակ չեք՝ Ձեր կողմից նշանակված կադրերը կոռումպացված են։ Ասաց՝ նույնն է, ի՞նչ տարբերություն»։
Յուրաքանչյուր ադեկվատ ղեկավար, լսելով իր կադրերի կոռումպացվածության մասին,առաջին հերթին տեղում կհանձնարարեր հետաքննություն սկսել, որպեսզի կա՜մ քաղաքացուն ապացուցեր, որ իր կադրային քաղաքականությունը ճիշտ է, կա՜մ պատասխանատվության ենթարկեր կոռումպացված չինովնիկին: Իսկ ի՞նչ է արել Փաշինյանը՝ ծածկադմփոց: Նա, որպես փորձված մանիպուլյատոր, միամիտ քաղաքացու առաջ անմիջապես դրել է իր անձի վստահության հարցը՝ իրեն ու իր նշանակած չինովնիկին նույնացնելով: Դա էլ կարող է արժանի դիրքորոշում համարվել, եթե գործ ունենայինք ոչ թե ստահակ մանիպուլյատորի, այլ ազնիվ ղեկավարի հետ: Ազնիվը պարտավոր է պատասխանատվություն ստանձնել իր կադրերի համար և կիսել նրանց սխալների ու հանցանքների պատասխանատվությունը: Մեր դեպքում ստահակն իրեն և իր թիմակցին անմիջապես դիրքավորում է ազնիվների շարքում ու դրանով հարցը համարում փակված:
Նույնիսկ միջադեպի այս դրվագն էլ կարելի կլիներ արտառոց չհամարել, եթե լիներ եզակի դեպք: Բայց Փաշինյանի դեպքում դրանք սիստեմատիկ բնույթ են կրում: Բոլոր բնագավառներում նա ձախողել է պետական կառավարումը՝ առողջապահությունից մինչև կրթություն, տնտեսությունից մինչև անվտանգություն, բայց ոչ մի բանի համար չի պատրաստվում պատասխան տալ: Խոսքերով պատասխանատվություն ստանձնում է, բայց մտքում կրկնում՝ «ձե՞ռ եք առել ձեզ, արա՜» կամ էլ՝ «ոչինչ, քո ետևից էլ կգան»: