Թումանյանում ֆուտբոլի միջհամայնքային առաջնության ժամանակ 33-ամյա քաղաքացին կրակոցներ է արձակել
Լոռու մարզում ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Թումանյան քաղաքի (նախկին Ձաղիձոր գյուղ) մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ կրակոցներ են հնչել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Թումանյանի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Թումանյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Վարշամ Հովսեփյանը անհիմն վիճաբանել է առաջնությանը ներկա մի խումբ անձանց հետ (ինքնությունները պարզվում են), ցավագին ընդունել ներկաների դիտողությունները և դրսևորելով ցինիզմ, ինչպես նաև իր անձի առավելությունը ցուցաբերալու նպատակով տարբեր անձանց հասցեներին մոտ 20 րոպե տևողությամբ բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, որից հետո կարճ ժամանակով հեռացել և նորից վերադարձել է մարզադաշտ, ձեռքին գտնվող երկփողանի որսորդական հրացանով 2 անգամ կրակել օդ և հեռացել:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքին ականատես անձանց և Վ. Հովսեփյանին ու հանցագործության գործիք հանդիսացող հրացանը հայտնաբերելու ուղղույթամբ։
Պարզվել է՝ դեպքին ականատես են եղել Թումանյան քաղաքի բնակիչներ՝ 35-ամյա Արաքսյա Թ-ն, 42-ամյա Քրիստինե Մ-ն, 59-ամյա Գոհար Ա-ն և 31-ամյա Սիրարփի Ե-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է Թումանյանի համայնքապետարանում՝ որպես մշակույթի բաժնի երկրորդ կարգի մասնագետ։ Պարզվել է նաև, որ Վ. Հովսեփյանը միջադեպի ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել ներկաների հասցեին, որ չհեռանան՝ որ հետ է վերադառնալու և սպանի բոլորին։ Բացի այդ, բազմակի հարվածներ է հասցրել Մարց բնակավայրի ֆուտբոլի թիմի անդամներից մի քանիսին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքից տուժած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։