Այսօր Հայաստանում սկսվում են Sputnik V-ով պատվաստումները
Այսօր Հայաստանում սկսվում են ռուսական Sputnik V պատվաստնայութով պատվաստումները Երեւանի պոլիկլինիկաներում եւ երկրի բոլոր մարզերում:
NEWS.am Medicine-ին առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեղամիջոցը դեռեւս անցած շաբաթվա վերջից բաշխել են պոլիկլինիկաների միջեւ, եւ երկուշաբթի օրվանից քաղաքացիները կարող են ստանալ առաջին դեղաչափը:
Առաջինը այն կստանան 18-54 տարեկան բուժաշխատողներ, որոնք աշխատում են կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ: Այդ տարիքից բարձր անձանց ռիսկի խմբից պացիենտները կարող են ստանալ պատվաստանյութը ՌԴ-ից նոր մատակարարումներից հետո:
Առաջին դեղաչափը ստացած քաղաքացիները մի քանի շաբաթ անց պետք է ստանան նաեւ երկրորդը՝ լիարժեք իմունիտետ ապահովելու համար:
Հիշեցնենք, որ ռիսկի խմբերի շրջանում պտավաստումային գործընթացի ռիսկերը նվազեցնելու համար AstraZeneca պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.
- 65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց
- Բուժաշխատողներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
- Քրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
- Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
Sputnik V պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.
- Բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք
- Քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք
- Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք
Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» եւ «Sputnik V» պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 000 եւ 15 000 խմբաքանակներով: