Առաջարկվում է կրճատել ոչ աշխատանքային և տոնական օրերը

0

Կառավարությունը հավանություն է տվել ««ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ այդմ՝ առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր: Հիմնավորման համաձայն՝ ներկայում ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։ Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ գնահատման արդյունքներով՝ 5 լրացուցիչ աշխատանքային օրերի դեպքում այլ հավասար պայմաններում համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով, համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է ամեն տարի այս թեմայով քննարկումներ են եղել. «Ուզում եմ արձանագրել, որ այս թեման շատ վաղուց հասունացած և քննարկվող թեմա է մի տարբերությամբ, որ ամեն անգամ այն սկսվում է քննարկվել դեկտեմբերի երկրորդ կեսին: Հիմա մենք առաջարկում ենք ոչ դեկտեմբերին, ոչ էլ նույնիսկ նոյեմբերին կամ հոկտեմբերին, այլ այսօրվանից այս թեման քննարկենք, որպեսզի հասկանանք, թե կոնկրետ այս առումով ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձևավորել, որովհետև շատ նուրբ հարց է, բայց նաև՝ կարևոր»:

Վարչապետն առաջարկել է օրինագծին հավանություն տալ, սակայն շարունակել քննարկումը դրա վերաբերյալ: «Օրենքի նախագիծը պետք է շրջանառվի, ընթերցումներ անցնի Ազգային ժողովում: Մինչ այդ էլ, բնականաբար, բարձրաձայնում ենք թեման հանրային որոշակի կարծիք գեներացնելու համար, հասկանալու համար, թե ի վերջո ինչ ընկալումներ կան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ օրենքի նախագիծը կարող է դեռ շատ փոփոխությունների ենթարկվել և ի վերջո կարող է չընդունվել:

Նախագծի վերաբերյալ մի շարք առարկություններ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, մասնավորապես նշելով, որ 5 ոչ աշխատանքային օրերի կրճատումը նվազեցնում է աշխատողների հանգստյան օրերի քանակը տարվա կտրվածքով։ Նախարարը առաջարկել է աշխատանքային դարձնել միայն հունվարի 4,5,7-ը։

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Եկեք չհավակնենք, որ այսօր բոլոր հարցերի պատասխանները տալու ենք: Պայմանավորվենք, որ հանգիստ, հանդարտ պայմաններում հարցը մտցնում ենք օրակարգ և բոլոր փաստերը, փաստարկները ստուգում ենք, վերստուգում ենք, բոլոր հաշվարկները անում ենք, բոլոր կարծիքները լսում ենք, և ըստ այդմ կայացնում ենք մի որոշում, որը պիտի մեր նպատակադրումներին առավելագույնս ծառայի»:

Leave A Reply

Your email address will not be published.