Հայաստանում ովքե՞ր են պատվաստվելու AstraZeneca եւ Sputnik V պատվաստանյութերով
AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներում որոշակի փոփոխություններ են կատարվել: Հնարավոր բարդություններից խուսափելու համար դրանք հաշվի են առնվել նաեւ Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ռիսկի խմբերի շրջանում պտավաստումային գործընթացի ռիսկերը նվազեցնելու համար AstraZeneca պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.
- 65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց
- Բուժաշխատողներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
- Քրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
- Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
Sputnik V պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.
- Բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք
- Քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք
- Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք
Նախարարի խոսքով՝ երբ Sputnik V պատվաստանյութի նոր խմբաքանակներ ձեռք բերվեն, հնարավոր կլինի նաեւ 65-ից բարձր մարդկանց պատվաստել այս դեղամիջոցով:
AstraZeneca-ով պատվաստումները Երեւանում նախատեսվում է մեկնարկել ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից: Այս պատվաստանյութի փաստաթղթային ձեւակերպման բոլոր աշխատանքներն արդեն ավարտված են, այն արդեն բախշվում է բժշկական կազմակերպություններին:
Ինչ վերաբերվում է Sputnik V պատվաստանյութին, ներկայումս իրականացվում են փաստաթղթային ձեւակերպումները, որոնք նախատեսվում է ավարտել մինչեւ շաբաթվա վերջ:
Հիշեցնենք, որ Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» եւ «Sputnik V» պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 000 եւ 15 000 խմբաքանակներով: