Ասպիրանտուրայի ընդունելության կարգում այս տարի որեւէ փոփոխություն չի կատարվել. ԿԳՄՍՆ
2021-22 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելությունն անցկացվելու է՝ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ սահմանված ասպիրանտուրայի ընդունելության եւ ուսուցման, դոկտորանտուրայի եւ հայցորդության ձեւակերպման կարգի պահանջների, այսինքն` մինչ կորոնավիրուսային համավարակը եղած կարգավորումներով:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ՝ ասպիրանտուրայի դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզու» եւ «Ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից` ընդունելության համար ներկայացնելով ատեստավորման վկայական կամ դրան համապատասխան տեղեկանք:
Նշենք, որ համավարակի տարածման ռիսկով պայմանավորված` անցյալ` 2020-21 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության կարգում կատարվել էր փոփոխություն․ ժամանակավորապես հանվել էր «Օտար լեզու» եւ «Ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից ատեստավորման պահանջը: Նշված փոփոխությունը տարածվում էր բացառապես 2020-21 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի վրա:
Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը՝
բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
«Օտար լեզու», «Ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմանում,
ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3×4 չափսի),
քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
Նշենք, որ ըստ մասնագիտությունների՝ պետության կողմից ասպիրանտուրայի ուսման վարձի փոխհատուցմամբ անվճար տեղերը հաստատելու վերաբերյալ նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի առաջիկայում: