Մարինա Խաչատրյան. Եթե ԱՆ ներկայացուցիչները «Սպուտնիկ V» են ստանում, ինչո՞ւ են մեզ պարտադրում AstraZeneca
Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանն իր մորը պատվաստել է «Սպուտնիկ V» դեղամիջոցով: Առողջապահության նախարարության շատ աշխատակիցներ նույնպես «Սպուտնիկ V» պատվաստանյութ են ստացել, սակայն երկրի բնակչությանը, չգիտես ինչու, առաջարկում են պատվաստվել աղմկահարույց AstraZeneca դեղամիջոցով: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց նեւրապաթոլոգ Մարինա Խաչատրյանը:
«Եթե նրանք «Սպուտնիկ V» են ստանում, ինչո՞ւ են մեզ պարտադրում AstraZeneca»,- հարցրեց նա:
Նրա խոսքով՝ սկզբում ասվում էր, որ AstraZeneca-ով պատվաստված պացիենտների շրջանում թրոմբագոյացման հավանականությունը կազմում է միլիոնին մեկ դեպք, սակայն ավելի ուշ պարզվեց, որ այդպիսի կողմնակի էֆեկտների է բախվում 100 հազար պացիենտից մեկը: Այդ պատճառով երկրներից շատերը այս պատվաստանյութից սկսել են հրաժարվել:
Մարինա Խաչատրյանը նշեց, որ AstraZeneca պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 74 տոկոս՝ այն դեպքում, որ «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը հասնում է 96 տոկոսի:
AstraZeneca պատվաստանյութի 24 հազար դեղաչափ Հայաստան է ներմուծվում COVAX facility նախաձեռնության միջոցով, որը, նրա խոսքով, կապված է Բիլ Գեյթսի եւ Թիք-Թոքի կողմից ֆինանսավորվող GAVI-ի հետ: Մարինա Խաչատրյանն այս ամենում գլոբալ դավադրության ապացույցներ է տեսնում:
Մարինա Խաչատրյանը առողջապահության նախարարության աշխատակիցներին կոչ է անում իրենց եւ իրենց ազգականներին պատվաստել AstraZeneca-ով, եթե այն այդքան լավն են համարում: