Կարեն Դոխոյան. Երբ Հայաստանը ցուցադրում է կոլեկտիվ ֆուտբոլ, միշտ հասնում է հաջողության

0

Հայաստանի հավաքականի ու ռուսական «Կռիլյա Սովետովի» նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դարձել Ռումինիայի հավաքականի հետ դիմակայություններում: Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի: Թիմերի միջև առաջին խաղը տեղի է ունեցել 2004 թվականի նոյեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: ԱԱ-2006-ի ընտրական հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: 60-րդ րոպեին Կարեն Դոխոյանը խփել է դաշտի տերերի պատասխան գոլը:

Քաթարում կայանալիք 2022թ.  աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի Հայաստան — Ռումինիա հանդիպումից առաջ Կարեն Դոխոյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է առաջիկա խաղին, վերհիշել ռումինացիների հետ նախորդ դիմակայությունները, գնահատել Վարազդատ Հարոյանի հաջող խաղն ու խոսել տարբեր թեմաներից:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ռումինիայի հետ, որի դեմ դուք մի քանի անգամ խաղացել եք ու դարձել եք նաև գեղեցիկ գոլի հեղինակ: Ի՞նչ հիշողություններ են պահպանվել այդ խաղերից:

Ցավոք, հաղթանակով չեն ավարտվել այդ հանդիպումները, բայց երևանյան խաղում, միանշանակ, կարող էինք հաղթել, քանի որ ունեինք այդպիսի հնարավորություն: Ռումինիայի հավաքականը լավ թիմ է: Մանրակրկիտ չեմ ուսումնասիրել, թե այժմ ովքեր են խաղում այդ թիմում, բայց նրանք միշտ էլ ունեցել են բարձրակարգ խաղացողներ: Այսօր Ռումինիայի հավաքականը խմբի երկրորդ ֆավորիտն է համարվում Գերմանիայից հետո: Ռումինիայի հետ դիմակայություններից իմ հիշողություններում պահպանվել է երևանյան հանդիպումը: Առաջին խաղակեսն անհաջող անցկացրինք և նվազագույն հաշվով պարտվում էինք ընդմիջման գնալիս: Երկրորդ խաղակեսում կարող էինք հաղթանակ կորզել: Հիշում եմ, թե ինչպես դարձա գոլի հեղինակ: Անկյունայինի խաղարկման ժամանակ Համլետ Մխիթարյանի փոխանցումից հետո ստացվեց գեղեցիկ գոլ: Ուրախ եմ գոլիս համար, և որ կարողացանք ոչ ոքի խաղալ, բայց նաև կարող էինք հաղթել: Ռաֆայել Նազարյանն ուներ լավ հնարավորություն և կարող էր խփել մեր թիմի երկրորդ գոլը: Միանշանակ, Ռումինիան լավ հավաքական է, և էրեկ էլ Խոակին Կապառոսը նշեց, որ, բնականաբար, ուսումնասիրել են մրցակցին և համեմատության եզրեր բերեց մեր ու նրանց թիմերի միջև: Նա նշեց, որ կան նմանություններ, բայց այստեղ ամենակարևորն այն է, որ տղաները ճիշտ կատարեն հանդիպման առաջադրանքները մարզիչների կողմից:

Ձեր կարիերայի ընթացքում ավելի գեղեցիկ գոլ խփե՞լ եք:

Ճիշտն ասած, չեմ կենտրոնանում գեղեցիկ գոլի վրա, այնքան էլ շատ գոլեր չեմ խփել կարիերայիս ընթացքում, քանի որ իմ գործառույթների մեջ ավելի շատ մտնում էին պաշտպանողական գործողությունները: Չեմ կենտրոնացել դրա վրա: Ինձ համար միշտ առաջնային էր թիմի հաղթանակը, իսկ թե ով կդառնար գոլի հեղինակ, դա այնքան էլ կարևոր չէր: Ամեն դեպքում, «Կռիլյա Սովետովում» հանդես գալու տարիներին գեղեցիկ գոլեր եմ խփել ԲԿՄԱ-ի ու «Դինամոյի» պես թիմերի դեմ խաղերում:

Leave A Reply

Your email address will not be published.