Թուրքերը սկզբում ասել են՝ մեզ մոտ են անասունները, հետո երբ տղաս գնացել է, ատկազ են կանգնել. Շուռնուխի բնակիչ
Անասունները ոչ թե իրենք են անցել հակառակորդի տարածք, այլ քշել տարել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի գնակիչ Գավրուշ Հակոբյանը, որի 13 մայր կովերը մարտի 26-ին ադրբեջանցիները քշել տրել են ադրբեջանական Սեյթազ գյուղ:
«Խնդիրն այն է, որ սահմանն այդ տարածքում հստակ չի, պաշտոնապես դեռ ոչ մեկը ոչ մի բան չի ասել, ու ոչ էլ գիտենք, թե կոնկրետ մեր գոմի տարածքն ումն է: Մեր գոմը Շուռնուխից 500 մետր հեռավորության վրա գտնվող Կապանի ճանապարհի վրա է, անտառի մեջ: Ադրբեջանական պոստը մեր մոտից ուղիղ գծով մոտ 200 մետրի վրա է, էդ պոստը գյուղի մեջ է»,-ասաց նա:
Ներկայացնելով դեպքը, Գավրուշ Հակոբյանն ասաց. «Ուրբաթ օրը գոմում են եղել անասունները: Ժամը 4-5-ի կողմերը տեսել ենք, որ չկան: Մի քիչ առաջացել ենք, շատ չէինք կարող առաջանալ, տեսել ենք, որ կովերը դեպի այդ կողմ են գնացել: Տեսնելով, որ հույս չկա, չեն երեւում, ռուս սահմանապահներին ենք տեղյակ պահել: Մինչեւ էսօր հարցը օդից կախված է մնացել: Ես հաջորդ օրը ինքս առաջացել եմ, եւ մարդու հետք եմ տեսել, եւ անասունի, այսինքն հասկացել եմ, որ քշել տարել են: Դե գոմից մի 50-100 մետր հեռավորության վրա քշել են, տարել: Ձորն անցել են, հեռվից նկատել են, եկել են տարել:
Սահմանապահներն ինձ տեղեկացրին, որ ադրբեջանցիները կապի են դուրս եկել եւ ասել, որ 10-ից ավելի անասուն իրենց մոտ է: Մեզ ասացին, որ երեկոյան իջնենք անասունների հետեւից: Տղաս էլ է իջել, տեսել ենք, որ ներքեւի Սեյթազ գյուղում իրենց դիրքերն է: Տղաս հետքերը տեսել է, բայց թուրքերն ասել են՝ մենք կով չենք տեսել: Հաջորդ օրը պետք է գնային, բայց էդպես էլ չեն գնացել: Փաստորեն թուրքերն ասել են՝ մեզ մոտ է, հետո «ատկազ են կանգնել»: Պատճառը չգիտեմ: Ադրբեջանցին մոտեցել է ռուս սահմանապահին, խոսել է, տղայիս չեն թողել մոտենա: Հետո վերադարձել է, ասել է՝ ադրբեջանցին ասում է՝ մենք կով չենք տեսել: Հիմա էլ ռուսներն ասում են՝ թուրքերը չեն թողնում իրենց տարածք մտնենք: Երկրորդ օրը թողել են, հիմա չեն թողնում»:
Հարցին, թե հայկական կողմը որեւէ բան չի՞ ձեռնարկում, գյուղացին ասաց. «Մերոնք միայն ռուսների միջոցով են գործում, ռուսներն ինչ ասում են, մերոնք պոչտալյոնի դերում են: Ես տեսնում եմ, որ սա անիմաստ խաղեր են, ոչինչ էլ չի ստացվի»:
Գավրուշ Հակոբյանն ասաց, որ ինքն էլի անասուններ ունի, բայց դրանք մայրացուներն էին, որոնք տարեկան պետք է 500 դոլար եկամուտ տային:
Նա տեղեկացրեց, որ իր լավագույն փոխհատուցումը կլիներ, եթե կովերը հետ բերեին, իսկ եթե չբերեն, ապա այլ տեսակի փոխհատուցման հարցը հետագայի հարց է:
Գավրուշ Հակոբյանը նշեց, որ իրենց արոտավայրերի 70 տոկոսն այն տարածքներում են, որոնք կամ արդեն անցել են Ադրբեջանին: Նրա խոսքով, իրեն խոստացել էին, որ փշալարեր կտեղադրեն, որ անասունները չանցնեն հակառակորդի տարածք, բայց մինչ օրս չեն տեղադրել:
Նշենք, որ Գավրուշ Հակոբյանի ընտանիքում 7 անձ է ապրում, այդ թվում երկու թոռները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ուրբաթ օրը ադրբեջանցիները գողացել են Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ Անասունների հետքերով ֆերմերի որդին, ռուս խաղաղապահների հետ գնացել է այդ գյուղը, որտեղ ասել են՝ հա, կտանք ձեր անասուններին ու էդպես էլ մինչ օրս չեն վերադարձրել։