Տիգրան Ավինյանը Սփյուռքի ներկայացուցիչների հետ քննարկել է բարեգործական բեռների ներմուծման հարցը

0

Մարտի 25-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Սփյուռքում գործող ԱՄՆ-ի և Կանադայի «Հայ-հյուսիսամերիկյան բժշկական համայնքների» ներկայացուցիչների նախաձեռնած առցանց տեսակոնֆերանսին: Վերջինիս ընթացքում քննարկվել են Հայաստան ներմուծվող բարեգործական բեռների հետ կապված հարցերը:

Տեսակոնֆերանսի ժամանակ փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Ողջունում ենք բոլորին այս առցանց քննարկմանը: Մենք բարձր ենք գնահատում հայրենիքին ուղղվող սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը: Դժվարին օրերին Սփյուռքը հայրենիքի կողքին է, և Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը բացառություն չէր: Այդ օրերին սփյուռքի թե՛ նյութական, թե՛ հոգեբանական աջակցությունը կարևոր նշանակություն ունեցավ մեզ համար, ինչի համար կցանկանայի շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ:

Կարևորում ենք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ մշտական խորհրդակցությունները, որոնց ընթացքում հնարավորություն ունենք ոչ միայն ծանոթանալ միմյանց կարծիքներին ու տեսակետներին, այլև փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ: Մենք բաց ենք առաջարկների համար և անշահախնդրորեն հետաքրքրված ենք, որ փոխհամաձայնության մթնոլորտում մեր հայրենիքի առջև ծառացած տարբեր խնդիրների լուծումները միասին գտնենք:

Այսօրվա մեր քննարկումը վերաբերում է բարեգործական բեռների ներմուծման հարցին: Գիտենք որ այս ոլորտում մի շարք թյուրըմբռնումներ կան Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ՝ կապված բեռների ներմուծման կանոնակարգերի հետ, որը, կարծում ենք, հիմնականում գալիս է տեղեկատվության պակասից:

Այս ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկվում են: Հատկապես պատերազմի շրջանում կառավարությունը հնարավորինս պարզեցումներ մտցրեց ընթացակարգերում՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար: Նաև, հունվարին բոլոր ՀՀ դեսպանություններն արտերկրում ստացել են մանրամասն տեղեկատվություն և ուղեցույց, թե ինչ քայլեր է պետք կատարել՝ բարդություններից խուսափելու համար: Տրամադրել ենք նաև մարդասիրական վարչության աշխատակիցների կոնտակտները, որոնց միջոցով ծրագիր իրականացնողը նախօրոք կարող է տեղեկանալ անհրաժեշտ քայլերի մասին: Ինչպես նաև, արդեն այսօր ՀՀ կառավարության էջում տեղադրվել է և հետագայում արդեն մեր դեսպանությունների սոցիալական մեդիայի էջերով տարածվելու է կարճ տեսանյութ՝ ընթացակարգերի մասին: Այսպիսով, մենք աշխատանքներ ենք տանում խնդիրներից հնարավորինս խուսափելու և հանրային տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար»:

Տեսակոնֆերանսին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի, ինչպես նաև կառավարության այլ պատասխանատու մարմինների աշխատակիցներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բեռնափոխադրումների մաքսազերծման, բեռների արագ բաշխման մեխանիզմների, բարեգործական բեռների պահանջարկի և Հայաստանում լիազոր մարմնի հետ համագործակցության հարցերին:

Leave A Reply

Your email address will not be published.