#SportLifeVLOG. Ադրբեջանցուն տապալող Թեւանյանի եւ աստղերի դասավորությանը հետեւող Հարությունյանի աստղային ժամը Բուդապեշտում
NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի մասին պատմող #SportLifeVLOG նախագիծը:
Նոր ֆորմատով #SportLifeVLOG-ը սկսում է օլիմպիական տարվա օլիմպիական վլոգ, որը կներկայացնի հայկական սպորտի կարեւոր՝ օլիմպիական իրադարձությունները:
Հեղինակ Լուսինե Շահբազյանը օլիմպիական վլոգի մեկնարկային թողարկմանն անդրադառնում է ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի փայլուն մասնակցությանն ու հունահռոմեականների ձախողմանը, ուղեգրերի համար պայքարի նախապատրաստական փուլին ու արդյունքների ամփոփմմանը:
Մարտի 18-21-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած առաջին վարկանիշային մրցաշարում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը նվաճեց երկու օլիմպիական ուղեգիր եւ երկու ոսկե մեդալ: Հունահռոմեականները դատարկաձեռն են վերադարձել մրցաշարից:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մեկ տարով հետաձգված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: Հայաստանի օլիմպիական հավաքականն այս պահին ունի 6 ուղեգիր, երկուական՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ) ու ազատ ոճի ըմբշամարտում (Արսեն Հարությունյան, 57 կգ, Վազգեն Թևանյան, 65 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):