Զիդան. Կրոսի ու Մոդրիչի դուետը ֆենոմենալ է
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում իտալական «Ատալանտայի» նկատմամբ տնային հաղթանակը 3:1 հաշվով:
«Շնորհավորեցի տղաներին, քանի որ նրանք ամբողջ խաղի ընթացքում հրաշալի խաղացին մի մրցակցի դեմ, որը ֆիզիկական մեծ ուժ է խլում: Պետք է վստահ գործեինք պաշտպանությունում, և մենք արեցինք դա: Բացի այդ, կարողացանք ցուցադրել մեր խաղը՝ վերահսկելով գնդակը:
Եթե չհաշվենք Դուվա Սապատայի գոլային պահը, ապա մրցակիցը նույնիսկ իր քիթը չմոտեցրեց մեր դարպասին: Սովորաբար «Ատալանտան» ստեղծում է շատ գոլային պահեր, սակայն այսօր դա տեղի չունեցավ:
Տոնի Կրոսի ու Լուկա Մոդրիչի դուետը ֆենոմենալ է: Լուկան 35 տարեկան է, սակայն խաղադաշտում նրա տարիքը չի երևում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 2 խաղերի արդյունքում «Ատալանտային» հաղթել էր 4:1 հաշվով և վերջին 3 տարում առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր: