Սերժ Թանկյանը ՀՀ-ում ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում է արտահերթ ընտրություններում
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Vulture կայքին, որի ընթացքում անդրադարձել է տարբեր հարցերի, այդ թվում՝ իր երաժշտական և հասարակական գործունեությանը։
Սերժ Թանկյանը խոսել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին: Նա նշել է, որ նոյեմբերի 10-ի զինադադարից ի վեր հայերը սգում են ոչ միայն զոհված երիտասարդների կորուստը, այլև 2500-ամյա պատմական հայրենիքի, որը կորսվեց «բռնապետություններին, որոնք անպատիժ կերպով հարձակվեցին՝ առաջադեմ զինատեսակների հետ միասին օգտագործելով ապատեղեկատվություն»:
«Դա ակնհայտորեն Հայաստանում ստեղծում է անկայունություն և մեծ զայրույթ է առաջացնում Նիկոլ Փաշինյանի ներկայիս կառավարության նկատմամբ: Նա հեղափոխական առաջնորդն էր, որը սկսեց կառավարել 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո, որը Հայաստանի պատմության համար կուլմինացիոն պահ էր։ Այժմ մեր պատմության համար անհավատալիորեն վատ պահ է։ Փողոցում գտնվող ընդդիմությունը կազմված է տարբեր կուսակցություններից, որոնցից շատերը նույնիսկ խորհրդարանում ներկայացված չեն։ Նրանց մեծ մասը կապված են հին իշխանությունների հետ և փորձում են օգտագործել կապիտուլյացիան կամ պարտերազմում պարտությունը և վերադարձնել իշխանությունը»,- նկատել է նա:
Թանկյանը սա անվանել է շատ տհաճ իրավիճակ՝ նշելով, որ հայերի մեծամասնությունը չգիտի՝ ում սատարել: Նա նշել է, որ կան պատերազմի սխալ ղեկավարման ու այլ թեմաների շուրջ չպարզաբանված հարցեր, և միևնույն ժամանակ «մարդիկ չեն վստահում նախկին օլիգարխիկ վարչակարգերին, որոնք շուրջ 20 տարի շարունակ գողացել են քաղաքացիներից»:
Ռոք երաժիշտը ստեղծված իրավիճակում լուծումը տեսնում է արտահերթ ընտրություններում։
«Ստեղծված իրավիճակի լուծումը ժողովրդավարական, սահմանադրական եղանակով առաջ գնալն է, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասին ինչ-որ պահի խոսում էր գործող կառավարությունը: Ընդդիմությունը դեմ էր դրան, քանի որ վախենում էր, որ նույնիսկ նոր ընտրությունների պարագայում իրենք ժողովրդից չեն ստանա այնքան աջակցություն, որքան պատերազմը տանուլ տված գործող իշխանությունները», – նշում է Թանկյանը:
Սերժ Թանկյանը շեշտել է, որ միակ ճանապարհը հիմա ժողովրդավարությունն է, և ո՛չ բանակը, ո՛չ էլ ընդդիմությունը չպետք է ստանձնեն ղեկավարումը: Ըստ Թանկյանի՝ հարկավոր է ընտրություններ անցկացնել ավելի շուտ, քան կլրանա գործող խորհրդարանի մանդատը։