ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն առաջարկում են վերացնել ռազմական դրությունը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն առաջարկում է վերացնել ռազմական դրությունը։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ԲՀԿ-ական պատգամավորների ներկայացրած Ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը։
Պատգամավոր Արման Աբովյանն ասաց.
«Առաջարկում ենք վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է դինամիկ զարգանում իրավիճակը, խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության քաղաքական իրավիճակի մասին։ Եվ ըստ էության ռազմական դրությունը, որն այսօր դե յուրե գործում է ՀՀ-ում, ամբողջ ծավալով չի համապատասխանում ստեղծված իրավիճակին, ավելին, հանդիսանում է շատ լուրջ խոչընդոտ քաղաքական զարգացումների համար։ Կոչ եմ անում ընդունել նախագիծը»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց․ «Ռազմական դրությունը քաղաքական գործընթացներին հիմա խանգարո՞ւմ է։ Դեմիրճյան փողոցը փակ է, Բաղրամյանը փակ է, ինչքան ուզում են, միտինգ են անում»։
«Այո, խոչընդոտում է, որովհետև, ըստ իս, ռազմական դրության պահպանումը Հայաստանում այսօր ունի միայն ու միայն քաղաքական բնույթ։ Խոսքը ոչ միայն կարծիքի արտահայտման և հոգեբանական հարցերի մեջ է։ Խնդիրն այն է, որ գոյություն ունեն իրավական որոշակի քայլերի տրամաբանություն, օրինակ, նույն վարչապետի հրաժարականը, որը ռազմական դրության կիրառման ժամանակ պարզապես հանրավոր չէ, որովհետև օրենքն արգելում է»,- պատասխանեց Արման Աբովյանը։
«Ռազմական դրությունն այսպես թե այնպես պետք է փոխվի, որովհետև մենք գնում ենք քաղաքական լուծումների։ Իսկ քաղաքական լուծումների ժամանակ ռազմական դրություն չի կարող տեղի ունենալ»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ անընդհատ հարց է հնչում, թե ինչո՞ւ է ուզում ընդդիմությունը ռազմական դրությունը վերացնել։
«Սահմանադրությամբ ԱԺ փոքրամասնության իրավունքները սահմանափակված են ռազմական դրության ժամանակ։ Խորհրդարանական ընդդիմությունը չի կարող անվստահության գործընթաց սկսել ռազմական դրության ժամանակ։ Եվ նաև Երևանի ավագանիում էլ, եթե ավագանին ուզենա քաղաքապետին անվստահություն հայտնել, էլի չի կարող դա անել։ Այսինքն՝ Հայաստանում սահմանափակված են ժողովրդավարությունը, ժողովրդավարական գործընթացները, ՏԻՄ մակարդակում ընտրությունների անցկացումը, ժողովրդավարությունը խորհրդարանի մակարդակում, որովհետև մենք չենք կարող իմպիչմենտի գործընթաց սկսել։ Հիմա ռազմական դրությունը պահվում է միայն քաղաքական նպատակով»,- ասաց Մարուքյանը։